Կավե ոտքերով հսկան արդեն կորցրել է իր հավասարակշռությունը և նրա փլուզվելն անխուսափելի է

Անկեղծ չեմ կիսում այն հրճվանքը, որի ականատեսն եղանք Գլենդեյլում վարչապետի հանրահավաքի ժամանակ, բայց դե ես անցած տարի նույնպես չէի կիսում ամբոխի հրճվանքը և պարզվեց, որ մենք՝ ողջամիտներս, ճիշտ էինք, իսկ ամբոխը…

Լավ, եկեք էլեկտորատին հարգանքով վերաբերվենք և անդրադառնանք հանրահավաքի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կատարված հայտարարություններին: Սկսենք պետության հաշվին Գլենդեյլ կատարած այցի նպատակահարմարությունից առհասարակ՝ դա ըստ էության բյուջեի մսխում էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե վարչապետը պարզապես մեկներ Նյու-Յորք ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար և իր հետ չտաներ մի ողջ շքախումբ, ապա մեր երկրի բյուջեն կխնայեր առնվազն 200 000 դոլար: Եվ սա արդեն առաջին դեպքը չէ: Այնպես որ, հարգելի ընթերցող, հաջորդ անգամ երբ լսենք, թե ինչպես է վարչապետը ինչ-որ առեղծվածային ՛նախկիններին՛ մեղսագրում ֆինանսական հանցագործություններ, կարող ենք իրեն հակադարձել, որ ինքը թող իր աչքի միջի գերանը տեսնի, հետո նոր մեղադրանքներ շաղ տա: Անցնենք առաջ: Հատկապես զավեշտալի էր, երբ ՀՀ վարչապետը Գլենդեյլի Գրանդ Փարկում հավաքված հայերին անվանեց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Այս մասին՝ no comment, ինչպես կասեր դասականը: Լսելով վարչապետի խոսքը, ինչը ինձ տրվեց բավականին դժվար, քանի որ դժվար է հետևել պատճառահետևանքային որևէ տրամաբանությանը չհետևող ամբոխահաճո հռետորաբանությանը, ուզում եմ անդրադառնալ հետևյալին՝ վարչապետը իր խոսքի մեջ հատուկ տեղ է հատկացրել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքականությամբ զբաղվելու շանսերի մասին՝ ակնարկելով, որ նրանք այդպիսի շանս չունեն: Նախ սկսենք նրանից, որ վարչապետը չէ, որ պետք է այդպիսի գնահատականներ տա, դա պիտի որոշի Հայաստանի ժողովուրդը: Այլ հարց է, որ միգուցե վարչապետը այնքան է կորցրել կապը իրականության հետ, որ մտածում է, թե նույնիսկ այդպիսի հարցերում նա իրավասու է որոշել ժողովրդի փոխարեն:

Ի հեճուկս Փաշինյանին, թե Սերժ Սարգսյանը և թե Ռոբերտ Քոչարյանը ունեն քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, քանի որ ինչպես ինքը վարչապետն է բազմիցս նշել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Իր ելույթով Նիկոլ Փաշինյանը երիցս հաստատեց, որ հեղափոխությունից հետո պետական ներքին քաղաքականությունը իր առանցքում ունի ոչ թե տնտեսական թռիչքաձև աճն ապահովելուն և զարգացմանը ուղղված գործողություններ, բարեփոխումներ կամ այլ սկզբունքներ, որոնք կերաշխավորեն մեր հայրենիքի բարգավաճումը, այլ միայն մեկ հիմնախնդիր՝ նախկին իշխանությունների վերադառնալը կամ չվերադառնալը: Հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս կեղծ օրակարգը, ՛չարիքի առանցքի՛ մասին այս հեքիաթը, որը դուք շարունակաբար հրամցնում էիք մեր ժողովրդին ձեր ընդդիմադիր ողջ կարիերայի ընթացքում, ակտուալ էին անցած տարի, միգուցե նույնիսկ այս տարվա սկզբին, բայց ոչ հիմա: Այսպիսի ոչ առարկայական խաղերը թուլացնում են իշխանության նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունը և եթե տեղի ունենա երկու նախկին նախագահների ուժերի մեկտեղում, ապա ընտրություններին ՀՀ այժմյան իշխանությունը անխուսափելիորեն կպարտվի, անկախ նրանից, թե երբ կանցկացվեն նոր ընտրությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն վարչապետ, ձեր ամբողջ ելույթի ընթացքում դուք ձեզ դրսևորեցիք որպես ընդդիմադիր գործիչ, որը դեռ նոր է պայքարի մեջ մտել իշխանության գալու համար: Բայց դուք արդեն վարչապետ եք, ինչպե՞ս չեք կարողանում գիտակցել դա: Ավելին, եթե դուք դեռ այն կարծիքին եք, որ անցած տարվա պես ժողովրդին կարող եք մատների վրա խաղացնել, ապա ասեմ, որ սխալվում եք: Բայց դե դուք արդեն դա զգացել եք, չէ՞: Քանի որ հասկանալով, որ այլևս Հայաստանում չեք կարող հանրահավաքի համար բավականաչափ թվով ժողովուրդ հանեք փողոց, որոշեցիք ձեզ հոգեհարազատ և միակ հայտնի ձևաչափը տեղափոխել Գլենդեյլ, որտեղ ձեր համար աշխատեց Դաշնակցությունը, հավանաբար՝ Զարեհ Սինանյանը և ձեր լավ բարեկամ, Գլենդեյլի քաղաքապետ՝ Արա Նաջարյանը: Նրանք ապահովեցին քանակ ձեր կողմից այդքան կարոտած շոուն կյանքի կոչելու համար:

Հիմա հարց՝ մի՞թե Ձեր խորհրդականները Ձեզ չեն հուշում, որ սրանք փրփուրներ են, որոնցով այլևս չեք կարող խաբել Հայաստանի քաղաքացիներին: Բազմիցս խոստացել եք, որ գողացվածը հետ կբերեք և Գլենդեյլում կրկնեցիք դա՝ ընդգծելով, որ այդքան պայքարում եք, բայց նախկինները դեռ բավական ռեսուրսներ ունեն և կրկին խոստացաք, որ կոպեկ առ կոպեկ հետ եք վերադարձնելու գողոնը: Պարոն Փաշինյան, մեկ տարուց ավել է՝ բոլոր քննչական մարմինները Ձեզ են ենթարկվում: Կարծում եմ, եթե ինչ որ փաստեր լինեին, որոնց հիման վրա հնարավոր կլիներ հարուցել աղմկահարույք քրեական գործեր, ապա դրանց մասին վաղուց կլսեինք: Արդեն Հայաստանի բյուջեն կավելանար մի կլորիկ գումարով և Դուք փրկչի Ձեր ամպլուաի մեջ կրկին ելույթ կունենայիք հրապարակում հավաքված ամբոխի առջև: Այնուամենայնիվ, ոչ մի աղմկահարույց գործ չկա, միայն պարբերական խոստումներ: Հատուկ ուզում եմ անդրադառնալ նախկին ԱԱԾ Տնօրեն Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցված Ձեր խոսքերին, թեև պարոն Վանեցյանը արդեն արձագանքել է սպային հատուկ զսպվածությամբ և հավասարակշռությամբ: Ուզում եմ հիշեցնել Ձեզ, պարոն վարչապետ՝ ԴՈՒՔ ինքներդ ոչ շատ վաղ անցյալում իրեն գեներալի կոչում եք շնորհել: Պարոն Վանեցյանը Ձեր իշխանության համար է աշխատել մեկ տարուց ավել, այնպես որ բոլորս կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի հանձնարարականներ է նա ստացել և առհասարակ՝ ինչպիսի տեղեկությունների է տիրապետում: Ինչևիցե, երկրի առաջին դեմքի կողմից այսպիսի դրսևորումները շատ վատ ազդակ են, այն առումով, որ սա փաստացի վկայում է այն մասին, որ Դուք, պարոն վարչապետ, մեսիջ եք ուղարկում բոլորին, որ Ձեր հասցեին հնչեցված ցանկացած քննադատություն Ձեր կողմից որակվելու է որպես դավաճանություն և ГКЧП-ի գործողություններին հավասար մի բան:

Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին՝ հողը այրվում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ և նա քաջ գիտակցում է, որ անցած տարվա վարկանիշը այլևս անվերադարձ գլորվել է անդունդը: Այս փաստերը գիտակցելը իրեն շատ դժվար է տրվում, բայց իրականությունից չեք փախչի: Կավե ոտքերով հսկան արդեն կորցրել է իր հավասարակշռությունը և նրա փլուզվելն անխուսափելի է:

                                                                                                                            Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով