«Ժողովուրդ»-ը գրում է․
«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», այսպիսի հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին: Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին, ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում: