Բարձրացվեցին երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները .tert.am

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։

2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։

Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով:

2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124:

Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այս փոփոխության նպատակը դասաժամերն ավելացնելն է երաժշտական դպրոցներում, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։

2019 թվականին նախատեսվել են նաև նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով