2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
Նույն հրապարակման մեջ Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ: Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:
Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում: Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս ան ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
2016 թվականի հեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է վարձու մարդասպանը և սպանության պատվիրատուի հետքերը բերում են Ազգային Ժողով. «Տեղի ունեցածի վերլուծությունը ուղիղ բերում է Ազգային Ժողով»,-հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը:
Իսկ ահա վարչապետի դիրքում Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել այս սպանության մասին: Սույն թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը հրաժարվեց կրկնել իր նախկին գնահատականը. «Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի և չենք ունենալու քրեական գործ, որը վարող քննիչի դերում հայնտվի ՀՀ վարչապետ»,-ասել էր Փաշինյանը:
Արմեն Իսրայելյանի սպանության մասով Politik.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն: Մեր հարցումներն այս կառույցին անպատասխան մնացին: Դատախազությունից հրաժարվեցին կարծես Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺ-ում արված հայտարարությունը ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին:
Դատելով վերջին ամիսներին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանի արտոնյալ կարգավիճակից, կասկածներ են առաջանում, որ սպանությունը, որում 2016-ին Փաշինյանը մեղադրում էր Ալեքսանյանին՝ ներվել է: Ու այստեղ հարց է առաջանում, թե հանուն ինչի է այս սպանությունը ներվել:
Այս պատմությունը ունի մեկ այլ ցավալի կողմ ևս՝ սպանությունից հետո դժվար լինեն մարդիկ, որոնք նման կարևոր և վտանգավոր տեղեկատվություն կվստահեն լրատվամիջոցներին: Փաստորեն, ըստ կասկածների, Արմեն Իսրայելյանը սպանվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցին վստահելու և Սամվել Ալեքսանյանի հանցավոր գործունեության մասին լայն հանրությանը անհայտ մանրամասներ ներկայացնելու համար: Արմեն Իսրայելյանի անկեղծության շնորհիվ հանրությունը իմացավ, թե ինչպիսի հանցավոր սխեմա է ստեղծել Սամվել Ալեքսանյանը, որի հիմքով, ի դեպ, քրեական գործ չհարուցվեց նաև Նոր Հայաստանում:
Հ.Գ. Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչու՞ ենք համոզված, որ այս սպանության հետ կապ ունի հենց Սամվել Ալեքսանյանը: Համոզված ենք, քանի որ Արմեն Իսրայելյանը իրապես հանցավոր կծիկ էր քանդում և իր հայտարարությունները իրապես մեծ շղթա կարող էին բացահայտել: Պետք է ուշադրություն դարձնել Իսրայելյանի հայտարարության հատկապես այն հատվածին, որտեղ նա ասում է, որ 2002 թվականից մինչև 2015 թվականը եղել է Ալեքսանյանի կողքին և նրա մասին գիտի ամեն ինչ: Նաև համոզված ենք, քանի որ այդ մասին ԱԺ-ում համոզված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա դժվար թե խոսեր առանց փաստերի: