Սպանություն, որը ներվեց Սամվել Ալեքսանյանին politik.am

2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:

Նույն հրապարակման մեջ Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ: Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:

 Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում: Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս ան ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
2016 թվականի հեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է վարձու մարդասպանը և սպանության պատվիրատուի հետքերը բերում են Ազգային Ժողով. «Տեղի ունեցածի վերլուծությունը ուղիղ բերում է Ազգային Ժողով»,-հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը:

Իսկ ահա վարչապետի դիրքում Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել այս սպանության մասին: Սույն թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը հրաժարվեց կրկնել իր նախկին գնահատականը. «Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար  չկա որևէ սահմանափակում: Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի և չենք ունենալու քրեական գործ, որը վարող քննիչի դերում հայնտվի ՀՀ վարչապետ»,-ասել էր Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն Իսրայելյանի սպանության մասով Politik.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն: Մեր հարցումներն այս կառույցին անպատասխան մնացին: Դատախազությունից հրաժարվեցին կարծես Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺ-ում արված հայտարարությունը ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին:
Դատելով վերջին ամիսներին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանի արտոնյալ կարգավիճակից, կասկածներ են առաջանում, որ սպանությունը, որում 2016-ին Փաշինյանը մեղադրում էր Ալեքսանյանին՝ ներվել է: Ու այստեղ հարց է առաջանում, թե հանուն ինչի է այս սպանությունը ներվել:
Այս պատմությունը ունի մեկ այլ ցավալի կողմ ևս՝ սպանությունից հետո դժվար լինեն մարդիկ, որոնք նման կարևոր և վտանգավոր տեղեկատվություն կվստահեն լրատվամիջոցներին: Փաստորեն, ըստ կասկածների, Արմեն Իսրայելյանը սպանվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցին վստահելու և Սամվել Ալեքսանյանի հանցավոր գործունեության մասին լայն հանրությանը անհայտ մանրամասներ ներկայացնելու համար: Արմեն Իսրայելյանի անկեղծության շնորհիվ հանրությունը իմացավ, թե ինչպիսի հանցավոր սխեմա է ստեղծել Սամվել Ալեքսանյանը, որի հիմքով, ի դեպ, քրեական գործ չհարուցվեց նաև Նոր Հայաստանում:
Հ.Գ. Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչու՞ ենք համոզված, որ այս սպանության հետ կապ ունի հենց Սամվել Ալեքսանյանը: Համոզված ենք, քանի որ Արմեն Իսրայելյանը իրապես հանցավոր կծիկ էր քանդում և իր հայտարարությունները իրապես մեծ շղթա կարող էին բացահայտել: Պետք է ուշադրություն դարձնել Իսրայելյանի հայտարարության հատկապես այն հատվածին, որտեղ նա ասում է, որ 2002 թվականից մինչև 2015 թվականը եղել է Ալեքսանյանի կողքին և նրա մասին գիտի ամեն ինչ: Նաև համոզված ենք, քանի որ այդ մասին ԱԺ-ում համոզված  հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա դժվար թե խոսեր առանց փաստերի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով