Արտաքին պարտքը շարունակելու է աճել։ Կառավարությունը հույս ունի, որ դրան զուգահեռ կաճի նաև տնտեսությունը, և պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 50 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. 2019թ-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։ Այսպիսով, պետական պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 3,3 տրիլիոն դրամը՝ հասնելով ՀՆԱ-ի 49.8%-ի։ Այս մասին այսօր հայտարարեց ֆինանսների նախարարությունը՝ «2019թ-ի փոխառությունների ծրագիր»-ը ներկայացնելիս։
Միջոցառման ավարտին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ կառավարությունն արտաքին պարտքի ավելացման շուրջ հնարավոր քննադատություններից չի վախենում։
Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքն այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է աճել։ Միակ ելքն այն է, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը։ 2019-ին կառավարության կանխատեսմամբ պարտք–ՀՆԱ ցուցանիշը չպիտի գերազանցի 50 տոկոսը։