Հերթագրող սարքավորումներ, մանրը վերադարձնող տերմինալներ. անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում:

«Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, հենց մրցույթն ավարտվի, կսկսենք սարքերը տեղադրել: Ասեմ, որ նախատեսում ենք մեծ քանակությամբ սարքեր ձեռք բերել»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ սպասվող փոփոխության մասին: Նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել մանրը վերադարձնելու հնարավորություն ունեցող տերմինալներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օրինակ՝ շատ ժամանակ անձը պետք է վճարի 1200 դրամ, սակայն ներկայացել է 2000 դրամով, մնացած 800 դրամն, ասենք, ստիպված փոխանցվում է հեռախոսի համարներին: Հետևաբար, ուզում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,-ասաց Մնացական Բիչախչյանը: Նա տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել անձնագրային վիզաների վարչության պաշտոնական էլեկտրոնային կայքը սպասարկելու հնարավորություն ստանալու համար:

Առաջիկայում նախատեսվում է զգալի բարեփոխում անձնագրերի տրամադրման ոլորտում: Ներկայում հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը:

«Արդյունքում կունենանք նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, դրանք ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա: Քաղաքացին դրանք կարողանալու է օգտագործել ավելի երկար, քան ներկայիս բիոմետրիկ անձնագրերը: Ի դեպ, այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով վերջին մի քանի ամիսներին անձնագրային համակարգում իրականացրած աշխատանքների մասին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ծառայության որակը բարձրացնելուն, ավելի մատչելի ու հասանելի դարձնելուն:

«Դրանք հիմնականում վերաբերում են անձնագրավորմանը, հանրային ծառայությունների համարանիշների տրամադրմանը: Փոխել ենք աշխատանքային ժամերը: Եթե նախկինում ժամը 13:00-14:00-ն ընդմիջման ժամ էր, ապա ներկայում անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխեցինք 14:00-15:00, որպեսզի քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քաղաքացին անձնագրային հարցեր առաջանալու դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Եթե նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է ներկայանար հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, ապա այդ արգելքը վերացվեց: Անձնագիր ստանալու համար  քաղաքացին կարող է ներկայանալ ցանկացած անձնագրային ծառայություն: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժին նաև անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքը ստանալու համար: Այդպիսի փոփոխություն կատարվեց հանրային ծառայությունների համարանիշ ստանալու ոլորտում, որպեսզի քաղաքացին համարանիշը ստանա ցանկացած անձնագրայինից՝ անկախ հաշվառման վայրից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով