Ի՞նչ խնդիր է դրել իր թիմի առաջ վարչապետ Փաշինյանը

Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել:

Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի` նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները:

Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, եւ շատերը հիմա էլ են շարունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարակության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությունը եւ այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ցանկանում է ստուգել հասարակության տրամադրությունները եւ հասկանալ` հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է: Եվ այդ առումով կուսակցության առջեւ հստակ պայմաններ են դրված:

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսսիջը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ եւ արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված. նրանք ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի:

Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թիմից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել. բոլորը լծվել են այս գործին: Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Արցախի բնակչությանը եւս ներգրավել հանրահավաքում, եւ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում:

Մասնավորապես, Արցախից մեծ ներկայացվածություն է սպասվում` պաստառներով, գրություններով: Պատահական չէ, որ երեկ «Հանուն Արցախի» երիտասարդական հիմնադրամն արդեն հայտարարություն է տարածել` ասելով, որ մասնակցելու են այդ հանրահավաքին:

Ընդ որում` կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաեւ, որ միջոցներ է հայթայթում Երեւան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս

օրերին արդեն սկսել է աշխատել իր ելույթի վրա: Այն բավական ընդգրկուն է լինելու, եւ ըստ գերատեսչությունների ներկայացվելու է կատարված աշատանքը, եւ դրա համար այժմ նա համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ է պահանջում, որպեսզի իր հաշվետվությունը փաստերով ներկայացնի: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց կուսակցությունից պարզել` ինչպես են պատրաստվում հանրահավաքին, եւ արդյոք կներկայացվի նաեւ կուսակցությաn կատարած աշխատանքի հաշվետվությունը: Մենք զրուցեցինք կուսակցության վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

«Բնականաբար հանրահավաքն իրականացնելու նախաձեռնությունը կուսակցական է, ՔՊ-ն` որպես քաղաքական ուժ, ով ստանձնել է իշխանությունը, որպես դոմինանտ քաղաքական ուժ ինքն է նախաձեռնել: Կուսակցության վարչության որոշմամբ էլ հանրահավաքն այս փուլում նվիրված է նոր կազմավորված կառավարության գործունեության 100 օրերին:

Հանրահավաքն իր բնույթով լինելու է մեր հասարակության, մեր հանրությանը հաշվետու հանրահավաք, ուր ներկայացվելու է կատարված աշխատանքը, ծավալները, առաջիկա անելիքները, այն խորքային բարեփոխումների ընթացքը եւ մեր տեսլականը հետագա զարգացումների առումով», – նշեց նա: Հարցին` բացի կառավարության գործունեության հաշվետվությունից, հնարավո՞ր է ներկայացվի հենց կուսակցության գործունեության հաշվետվություն, վարչության անդամը նշեց. «Հանրահավաքը նվիրված է կառավարության գործունեության 100 օրվան, ոչ թե կուսակցության գործունեության: Բայց դե կառավարությունը ձեւավորվել է կուսակցության կողմից, ուստի եւ հանրահավաքը կուսակցությունն է հրավիրել»:

Իսկ քաղաքական իմաստով հանրահավաքը բնականաբար ուժի ցուցադրություն է լինելու վարչապետի կողմից: Նա ե՛ւ դրսին, ե՛ւ ներսին պետք է ցույց տա, որ ունի հասարակության աջակցությունը: Դիտարկմանը` արդյոք նպատակ է առկա ստուգելու նաեւ հասարակության տրամադրությունները, Ռոմանոս Պետրոսյանը ընդգծեց. «Իմ անձնական տեսակետն եմ հայտնում. ինձ համար որպես ընթացիկ, մեր հանրության կողմից մեզ աջակցության չափաբաժնի ստուգումն է նաեւ: Ես ինքս կզգամ, թե մեր կառավարությունը հասարակության կողմից որքանով

է վայելում աջակցություն, ինչը մենք ունեինք մայիսի 8-ին, մայիսի 15-ին կամ սկզբնական շրջանում: 100 օրը շատ կարճ ժամկետ է իհարկե, բայց մյուս կողմից էլ բավական ժամկետ է, որ հանրությունն ինքն էլ որոշակի առումով հասկանա, թե ապագայի առումով այն նախնական քայլերը որ արվել են, որքանով են վայելում մեր հասարակության աջակցությունը»:

Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության աշխատանքի 100-րդ օրը սափրված չի ներկայանա:

 

Նաիրա Հովհաննիսյան
armlur.am

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով