Հաճախ տրվող հարցեր քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման վերաբերյալ

 

Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։ Գործընթացի վերաբերյալ քաղաքացիների հարցերն ամբողջացնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առանձնացրել է հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  1. Ինչպե՞ս կարող է քաղաքաշինության բնագավառի մասնագետը դիմել հավաստագրման համար։

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։

2․ Ինչպե՞ս մասնագետը հստակեցնի՝ հավաստագրման որ կարգի համար կարող է դիմել։

Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից (մանրամասները՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 11.1-ում): Իսկ ռիսկայնության աստիճանները նկարագրված են ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ գլխում և N4 հավելվածում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3․ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հավաստագրման համար:

Պետք է ներկայացնել՝

  • տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները:

Գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում:

  • աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։

4․Փորձը հավաստող փաստաթղթերում տվյալ մասնագետի ներգրավվածության վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հավելյալ ի՞նչ փաստաթուղթ է պահանջվում:

Հայտատուն կարող է կցել գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ մասնագետը ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ, ինչպես նաև՝ այլ փաստաթղթեր։

5․ Կարո՞ղ է արդյոք նույն մասնագետը դիմել և ստանալ հավաստագիր գործունեության մի քանի տեսակի համար։

Այո՛։ Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։

6․Կազմակերպության լիցենզիայի ներդիրում ամրագրված մասնագետից բացի, պարտադի՞ր է արդյոք ընկերության մյուս մասնագետների հավաստագրումը:

Ոչ, պարտադիր չէ, մասնագետների ընտրությամբ է:

7․Լիցենզիայի ներդիրում չընդգրկված մասնագետը հավաստագրման համար դիմելիս ի՞նչ փաստաթղթեր պետք է կցի։

Այս դեպքում մասնագետը պետք է ներկայացնի 3-րդ պատասխանում նշված փաստաթղթերը՝ հետևյալ տարբերությամբ․

  • բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից),
  • մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից)։

8․ Հարցերի դեպքում ի՞նչ անել:

Տեխնիկական օժանդակության հարցերով կարող եք զանգահարել urban.e-gov.am հարթակում նշված 010-58-59-80, իսկ հայտերի լրացման, ուսումնասիրման ընթացքի հետ կապված հարցերով՝ 011-621-761 կամ 011-621-763 հեռախոսահամարներով:

 

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով