ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

Պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին  իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում,
պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Մասնավորապես,  2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային  ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ  90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ  աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից
կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում
պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400,000
տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը
պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Մեկ այլ դեպքով էլ՝ 2023թ-ի ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ
270 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 490,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ
աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով