«ԵՄ դիտորդների թիրախը 102-րդ ռազմաբազան և հայ-իրանական սահմանն է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՄ դիտորդական առաքելությունն աշխատանքներ իրականացրեց Հայաստանում, որից հետո հայտարարվեց քաղաքացիական նոր առաքելություն ուղարկելու մասին: Անդրադառնալով ԵՄ դիտորդների առաքելությանը, դրանց շուրջ հնչած հայտարարություններին՝ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրեց ռուսական կողմի արձագանքների մասին:

«ՌԴ պետական կառույցների ներկայացուցիչները շատ խիստ են արտահայտվել՝ կասկածի տակ դնելով այդ դիտորդների քաղաքացիական լինելու բնույթը: Նրանք նշել են, որ այդ դիտորդները ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագետներ են, որոնց գործառույթների մեջ չի մտնում նաև դիտարկումներ անելը»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ դիտորդները ոչ թե դիտարկումներ են անելու, այլ իրականում վերահսկողություն են սահմանելու, ինչը կարելի է եզրակացնել նաև Փաշինյանի հայտարարություններից:

«Դիտորդների բուն առաքելությունը դիտարկումներ անելն ու վերադասին զեկուցելն է, բայց անգամ դա չեն անում: Թիրախները, բուն նպատակը ակնհայտ են: Առաջինը 102րդ ռազմաբազան է՝ իր հենակետերով, դրանց դիտարկումը, հսկողությունը, երկրորդը՝ Հայաստանի և Իրանի սահմանը: Սա է պատճառը, որ ռուսական կողմը կոշտ և անգամ ոչ դիվանագիտական բառամթերքով է արձագանքել՝ հայտարարելով նաև, որ խորամանկում են: Ընդհանուր առմամբ, Հայաստանում հիմա մի իրավիճակ է, երբ Ռուսաստանի կողմից թշնամի համարվող ՆԱՏՕ-ն ՀՀ-ում, ի դեմս դիտորդների, ներկայացուցիչներ ունի, որոնց մի մասը՝ 100-ից միայն 50-ը կարող են զենքով իրենց պարտականությունները կատարել, թե ինչու՝ պարզ չէ»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ ՌԴ կոշտ դիրքորոշումներին Հայաստանի իշխանությունները որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռուսաստանի համար սա, ամեն դեպքում, վտանգ է. հասկանում են, որ թշնամի ռազմաքաղաքական դաշինքի ներկայացուցիչներն իր ռազմավարական դաշնակից երկրում ավելի շուտ ոչ թե կայունության ապահովման, այլ ապակայուն վիճակ ստեղծելու նպատակ են հետապնդում: Ի դեպ, դիտորդական նախորդ խմբերի զեկույցների վերաբերյալ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, փորձագիտական շրջանակները տեղյակ չեն: Մենք չգիտենք՝ ինչ են զեկուցել, ինչ գնահատականներ են տվել: Ընդհանուր գծերով հեղհեղուկ ինչ-որ բաներ են ասել, ոչ ավելին»,-հավելեց նա:

Հայկ Նահապետյանը նշեց նաև ԵՄ դիտորդական առաքելության մի քանի օրինակների մասին: «Եթե դիտարկենք այդ դիտորդների ծառայությունները տարբեր հակամարտություններում, ապա նրանց ներկայությունը որևիցե ձևով խոչընդոտ չի հանդիսացել, որ հակամարտող կողմերից մեկը ռազմական գործողություններ չիրականացնի: Որևէ ձևով չեն կարողացել կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Իսկ այս դիտորդները ՀՀ-ում կոնկրետ մարտական խնդիր ունեն՝ ի դեմս վերոնշյալ թիրախների: Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ դիտորդների գալուն զուգահեռ ԵՄ-ն շուրջ 51 մլն եվրո գումար տրամադրեց Սյունիքին, որը, ըստ հայտարարության, միտված է լինելու մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը: Բավականին մեծ գումար է տրամադրել մի մարզի, որը, կարելի է ասել, պատերազմական գոտում է: Կարծում եմ՝ այդ գումարները ծախսելու համար իբր մասնագիտական խորհրդատվություն իրականացնելու պատրվակով նաև ՆԱՏՕ-ի անդամ ԵՄ տարբեր երկրներից ներկայացուցիչներ են գալու Սյունիք»,-ասաց նա:

Սյունիքում այդ ներդրումը, փորձագետի դիտարկմամբ, հետևյալի մասին է հուշում. «Արևմուտքի համար խիստ կարևոր է, որ իրականում հետախուզական աշխատանքներ իրականացվեն: Առավել մեծ վտանգ կա, երբ դիտարկումներ են անում մեր սահմաններին, ԶՈւ-երում, հանդիպումների ժամանակ քննարկումներ են ունենում: Մեծ հաշվով՝ իրենք կարող են փակ տեղեկությունների տնօրինել: Նույն 51 մլն եվրոյի իրացման համար տարբեր երկրներից կարող են շատ մասնագետներ գալ, բայց իրականում այլ գործառույթներ կատարել»:

Նա ընդգծեց, որ ՌԴ-ն կոշտ գնահատականներով մի կողմից՝ ոչ ճիշտ քայլերի համար զգուշացում է տալիս ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ նաև նրանց, ովքեր գալիս են. «Ռուսաստանը մտահոգ է այն հարցում, որ դիտորդներ կոչվածները գալիս են ճգնաժամային վիճակ ստեղծելու համար, ինչը կարող է հղի լինել ռազմական գործողությունների վերսկսման վտանգով»: Հայկ Նահապետյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե ԵՄ դիտորդական առաքելությանն այլընտրանք չկար:

«Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Փաշինյանն ինքը հրաժարվեց ստորագրել այն փաստաթուղթը, որի մեջ ներառված էր նաև Հայաստան ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու դրույթը: Հետո ՀԱՊԿ-ը փաստաթուղթը երկու մասի՝ քաղաքականի ու ռազմական, ռազմատեխնիկականի բաժանվեց, որոնք առ այսօր չի ստորագրել, և որոնք գործնական առումով կարող էին իսկապես երկարատև կայունություն ապահովել: Հաշվի առնենք, որ 44-օրյա պատերազմից հետո հարաբերական կայունությունն Արցախում ապահովում են ռուս խաղաղապահները: Հայաստանի իշխանությունները չեն համաձայնում վերոնշյալ տարբերակին, փոխարենը հրավիրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնագետներին, ինչը ՌԴ-ի համար, այսպես ասած, ցավոտ է: ՀՀ իշխանությունը, մեծ հաշվով, սառեցրել է առարկայական համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, ինչը մեր պաշտպանողականությունն ու անվտանգությունն է ցածրացնում»,-եզրափակեց նա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով