«Պետք է դադարենք «որդեգիրներ» փնտրել». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանա-թուրքական դաշինքը որևէ խաղաղության ձգտում չունի: Այդ դաշինքի միակ նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացումն է, ինչը կատարվում է փուլերով: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ գործողություններին, նշվածից բխող իրողություններին:

«Եթե սկզբնական փուլը վերաբերում էր Արցախին, այնուհետև Սյունիքի մերձակա տարածքներին, որտեղից հայկական զորքերը, մեղմ ասած, տարօրինակ պատրվակով դուրս բերվեցին, ապա այժմ խոսքը ՀՀ այն տարածքի մասին է, որը նաև Խորհրդային Հայաստանի տարածքն էր: Ադրբեջանական կողմը դեռևս անցած տարվանից բռնազավթել է ՀՀ-ի որոշ տարածքներ, այս տարի այդ սողացող բռնազավթումը շարունակվել է, ու այժմ էլ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և բռնազավթել են այն: Հայաստանի ոչնչացման նպատակն իրականացնելու համար այս պահին հետևյալ ծրագիրն է իրականացվում. փորձել մասնատել Հայաստանը, այն բաժանել երկու մասի՝ Վայքը և Սյունիքն առանձնացնելով մնացյալ Հայաստանից, հետագայում կլանել Սյունիքը, հետո նաև ՀՀ-ն, ըստ էության, դարձնել կենսունակությունից զուրկ «պետական կազմավորում», որը փաստացի կունենա ռեզերվացիայի կարգավիճակ»,-ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը նշված նպատակները չեզոքացնելու մի քանի ելք է տեսնում. «Պետք է մի կողմ դնել խաղաղության մասին կեղծ պնդումները: Ցավալիորեն որևէ խաղաղություն չի նախատեսվում: Պետք է պատրաստվել ադրբեջանա-թուրքական դաշինքին, այս պարագայում՝ կոնկրետ Ադրբեջանին հուժկու հարված հասցնելուն: Դա անելու համար ՀՀ-ն դեռ ժամ առաջ պետք է սկսեր վերականգնել իր անվտանգային համակարգը: Ժամանակակից պատերազմները վարում է ոչ թե բանակը, այլ ամբողջ պետությունը: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, չափազանց վտանգավոր, բայց անգամ այդ փաստաթուղթը չի պահպանվում Ադրբեջանի կողմից: Այն բազմիցս է խախտվել, ինչի վկան հենց վերջին հարձակումն է, երբ բռնազավթվել են տարածքներ արդեն ՀՀ տարածքից: Այդ փաստաթղթում որևէ միջանցքի ձևակերպում չկա, բայց ադրբեջանական կողմն անընդհատ և ամենուր պնդում է իբր ինչ-որ միջանցք ստանալու մասին, ինչին հայկական կողմից անընդհատ փորձում են հակադարձել: Բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են հետևյալը. եթե չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, ՀՀ անվտանգությունը, եթե Բաքվի բարբարոսական վարչախումբը չհասկանա, որ հերթական ոտնձգության դեպքում իր ատամները ՀՀ-ն ջարդուփշուր կանի, որևէ թուղթ՝ կոչվի այն փաստաթուղթ, պայմանագիր, թե համաձայնագիր, չի կարող ապահովագրել ՀՀ-ին թշնամական նկրտումներից: Միայն այդ պարագայում կդադարեն այս ամբողջ ագրեսիան ու լկտի վարքագիծը, որ մեր նկատմամբ տածում է Բաքվի բռնապետը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ մենք, որպես ազգ և պետություն, մեզ համար պետք է շատ կարևոր խնդիր լուծենք. «ՀՀ-ն չպետք է դիտարկել որպես, պատկերավոր ասած, «որբ», որին որևէ մեկը պետք է որդեգրի՝ լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը կամ որևէ այլ պետություն: ՀՀ-ն պետք է դիտարկվի որպես պետական միավոր, որը կարող է և պարտավոր է ունենալ դաշնակիցներ: Ինչպես ՀՀ-ի սուբյեկտայնության, անվտանգության ապահովումը, ՀՀ-ին դաշնակիցներով ապահովելը ևս ՀՀ իշխանության անմիջական պարտականությունն է: Հետևաբար, մեկընդմիշտ պետք է վերջ տանք մեր պետությունը և մեր ժողովրդին որբի կարգավիճակում դիտարկելու արատավոր մտայնությանը և պետք է դադարենք, պատկերավոր ասած, որդեգիրներ փնտրել: Սա՝ մեր ներքին մտայնության մասին: Ինչ վերաբերում է տարածաշրջանում, առհասարակ աշխարհում առկա ընդհանուր խնդիրներին, ապա ՀՀ-ն որևէ պարագայում չպետք է դառնա տարածաշրջանային և միջազգային գերտերությունների մրցակցության, էլ չասեմ, հակամարտության հարթակ: Սա մեզ համար հղի կլինի լուրջ վտանգներով»:

Նրա խոսքով, մեր պետության անվտանգության ապահովման կարևորագույն մարտահրավերները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է վերածել համագործակցության կամ շահերի համադրման հարթակի. «Այստեղ չպետք է հակասության մեջ մտնեն ու բախվեն ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի կամ այլ պետությունների շահերը, այդ շահերը պետք է համադրվեն: ՀՀ-ի հիմնական գործառույթը պետք է լինի այդ շահերի համադրման տիրույթում, մասնավորապես՝ սեփական շահի փնտրտուքը, այդ շահը գտնելը և այդ շահով առաջնորդվելը: Որևէ տարերային մոտեցում չի կարող ներվել, օրինակ՝ այս պահին ռևերանսներ մի կողմին, հաջորդ պահին պատրանքային ակնկալիքներ երրորդ կողմի հետ: Պետականությունը և պետության կառավարումը չպետք է որևէ պարագայում իրականացվի տարերային և անպատասխանատու կերպով: Պետության կառավարումը լրջագույն պարտականություն ու նաև լրջագույն արտոնություն է, ինչը պետք է գիտակցեն այդ պարտականությունը ստանձնած անձինք, խումբը: Հետևաբար, ներողություն եմ խնդրում, խոսակցական լեզվով ասած՝ ՀՀ-ն «գեղի կլուբ» չէ, որ իրենց մտքի տարբեր խոռոչներում ի հայտ եկած տարերային մտքերը փորձեն կյանքի կոչել: Մենք պետք է ունենանք ՀՀ-ի տեսլականը, ՀՀ-ի զարգացման ու հզորացման ծրագիրը: Այս ամենը պահանջում է պետական մոտեցումներ ու խոհեմ վարքագիծ, որը կարող է հետագա հայանպաստ լուծումների հիմքը հանդիսանալ»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով