Մակերեսային եզրակացությունները, տոտալ ծայրահեղություններն ու «փրկիչների» փնտրտուքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարավային Կովկասում բախվում են տարբեր տարածաշրջանային ու արտատարածաշրջանային խաղացողների շահեր, քանի որ մեր տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ազդեցության տարածման տեսանկյունից և գտնվում է տարբեր հաղորդակցության ուղիների խաչմերուկում։ Միայն Հայաստանի գործոնով է պայմանավորված, որ Հարավային Կովկասը դեռևս ամբողջովին չի հայտնվել թուրքական ազդեցության տակ՝ չնայած, որ Թուրքիան աստիճանաբար ներթափանցում է Ադրբեջան, ապա նաև Միջին Ասիա։ Եվ արդեն փորձեր են կատարվում թուրքալեզու պետություններում տարբեր ոլորտներում՝ կրթականից սկսած, ռազմականով վերջացրած, ներդնել թուրքական մոդելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջապատված լինելով՝ Հայաստանն ի վիճակի չէ միայնակ դիմագրավել այդ վտանգին։ Ուստի այս տեսանկունից կարևորվում են տարածաշրջանում շահեր ունեցող այլ արտաքին ուժերի հետ մեր հարաբերությունները։ Եվ պատահական չէ, որ երբ օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիայի դիմեց, և ադրբեջանական զինված ուժերը խորացան ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ իշխանություններն օգնություն ստանալու հարցով դիմեցին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։

Ընդհանրապես, Հայաստանի համար շատ է կարևորվել ՀԱՊԿ-ի նշանակությունը՝ որպես անվտանգային հովանոցի, սակայն երբ այդ կառույցից հասցեական արձագանք չկա ՀՀ-ի նկատմամբ անվտանգության սպառնալիքի հետ կապված, ապա այն հանրային բուռն քննարկումների առիթ է տվել։ Թերևս բնական է, որ արտաքին սպառնալիքի սրման պարագայում հասարակությունը առավել էմոցիոնալ է ընկալում տեղի ունեցող իրադարձությունները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստացնող հանգամանք է, որ գործընթացներն առավել մակերեսայնորեն են դիտարկվում, միայն արտաքին՝ տեսանելի շերտերի վրա։ Օրինակ՝ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում արված նկարի շուրջ «տիեզերական» աղմուկ սկսվեց, բուռն քննարկումներ, «վերլուծություններ», ինչպես նաև հետևություններ արվեցին։ Հանրային մի հատված էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ընկնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ կապված, այն աստիճան, կարծես թե դրա արդյունքում Հայաստանի համար փրկության ուղի է բացվելու։

Ճիշտ է՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցելությունը շատ կարևոր է, շատ կարևոր են նաև նրա խոսքում առկա մեսիջներն ու հասցեական գնահատականները, սակայն որևէ այց չպետք է գերագնահատվի, ճիշտ այնպես, ինչպես չպետք է թերագնահատվի: Առավել ևս, որ նույն Փելոսիի՝ Հայաստան այցելությունը պլանավորված էր նախքան սահմանային իրավիճակի սրումը։ Հաճախ անտեսվում է այցելության ներքո աշխարհաքաղաքական, ինչպես նաև այս կամ այլ պետության ներքաղաքական (այս դեպքում՝ ԱՄՆում սպասվող ընտրությունների) շահերի իրական դիտանկյունը։ Սա մեր հասարակության՝ առավելապես միաբևեռ դիրքորոշման արտահայտությունն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում հասարակությունը, բնականաբար, ամբողջապես տեղյակ չէ, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների դաշտում, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից, քանի որ արտաքին քաղաքականության մեջ կան շերտեր, որոնք տեսանելի չեն հասարակության համար։ Օրինակ՝ արևմտամոլ հատվածը, այդ թվում՝ իշխանականները, հայտարարում են, թե հրադադարը ԱՄՆ-ի շնորիվ է կայացել, բայց հանկարծ Հռոմի պապն իր ելույթում ընդգծում է, թե այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր։ Իսկ Հռոմի պապն ընդհանրապես, իսկ արտաքին քաղաքականության՝ մասնավորապես հակամարտությունների հետ կապված հատկապես՝ պատահական հայտարարություններ չի անում։

Կարճ ասած՝ հանրության մի նշանակալի հատված, տեղյակ չլինելով գործընթացների մանրամասներին, կուլ է գնում միայն դրանց արտաքին շերտի, մակերեսային ազդակներին, ինչը կարող է նաև սխալ եզրակացությունների և քայլերի պատճառ դառնալ։ Այն, որ այդպես կարող է վարվել հասարակության «շարքային» շերտը, հասկանալի է, բոլորը պարտավոր չեն խորամուխ լինել մանրամասների մեջ: Սակայն ցավալի է, որ նման ծայրահեղությունների կամ մակերեսային դատողությունների խայծը կուլ են տալիս նաև իրենց փորձագետ համարողներից ոմանք:

Այնինչ, պարզ է, որ ծայրահեղական մոտեցումները, էյֆորիկ ոգևորությունները որևէ մեկի «սիրուն» մեկ խոսքից, և կտրուկ մերժումները մեկ ուրիշի՝ գոնե առերևույթ «թերացումների» դեպքում վտանգավոր են Հայաստանի համար: Մյուս կողմից՝ ցավալի է տեսնել արտաքին խաղացողների դեմքով «փրկիչների» փնտրտուքը՝ երկրորդելով հավասարակշռվածության ու առաջին հերթին սեփական «քայլն» անելու կարևորությունը: Սակայն իրականում մեր երկիրը չի կարող շահել հզոր արտաքին խաղացողների շահերի բախման կիզակետում հայտնվելուց։ Ավելին, այդպիսի իրավիճակից կփորձեն իսկույն օգտվել մեր թշնամիները։

Ուստի, մեր շահերի տեսանկյունից արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում մի կողմից՝ շատ կարևոր է հավասարակշռության պահպանումը, որը հայկական կողմին ավելի ճկուն գտնվելու հնարավորություն է տալիս, իսկ մյուս կողմից էլ՝ իրական օբյեկտիվության ու իրական չեզոքության դիրքերից հանդես գալը, այլ ոչ թե կեղծ «օբյեկտիվության» ցուցաբերումը, որի արդյունքում կարող ենք հայտնվել մեզ համար լարված ծուղակում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

seven − 3 =