«Սիմֆոնիկ Երևան» փառատոնի համերգները ջերմորեն ընդունվում են ունկնդրի կողմից  

 

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի 11-րդ համերգը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանի և Ալեքսեյ Շորի արվեստին։ Ներկայացվեցին Սպենդիարյանի «Օրորոցայինը», Էտյուդը հրեական թեմաներով և Շորի «Մանկության հիշողություններ» դաշնամուրային կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ իտալացի դաշնակահար Վանեսսա Բենելլի Մոսելլը։ Համերգը ղեկավարում էր Գերգելի Մադարաշը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իտալացի դաշնակահարուհի Վանեսսա Բենելլի Մոսելլը միջազգային երաժշտական

ասպարեզի ամենափայլուն մենակատարներից է: Թողարկել է ութ ալբոմ «DECCA CLASSICS» ձայնապիտակի համար: Հայտնի է Ստոկհաուզենի «Կլավիեռստուկի» իր մեկնաբանությամբ, կոմպոզիտորի կողմից նա հրավիրվել է սովորելու իր մոտ և բնորոշվել հետևյալ խոսքերով. «Նա կարողանում է մարդկանց թույլ տալ գնահատել իմ երաժշտությունը»:

Տպավորիչ էր երիտասարդ դաշնակահարուհու կողմից Ալեքսեյ Շորի ստեղծագործության կատարումը` անկեղծ, հուզիչ, տեխնիկապես բարձր մակարդակով, որն ունկնդիրն ընդունեց բուռն ծափողջույններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիրիժոր Գերգելի Մադարաշը նկատում է, որ իր ղեկավարությամբ ներկայացվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Խոսելով Շորի արվեստի մասին՝ մաեստրո Մադարաշը նշում է, որ ինքը ներկայացրել է վերջինիս մի շարք գործեր տարբեր երաժշտական փառատոներում. «Շորի երաժշտությունը շատ գրավիչ է, հաճելի, այն մեծ վայելք է պատճառում ունկնդրին։ Պետք է ասել, որ նրա երաժշտությունը նվագախմբերը շատ արագ են ընկալում, իսկ ունկնդրին այն հոգեհարազատ է»։

Հիշեցնենք, որ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից (EUFSC) և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Փառատոնային համերգներն ուղիղ եթերով հեռարձակվում են https://symphonicyerevan.com կայքով՝ ավելի մեծ լսարան ընդգրկելով։ Սիմֆոնիկ ու կամերային համերգները մեծ ընդունելության են արժանանում ունկնդրի կողմից, որոնց թվում են նաև Հայաստան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով