Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.«Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոցելի ճյուղերից մեկը։ Սա այնպիսի մի ուղղություն է, որը հատուկ ուշադրություն և մեծ ջանքեր է պահանջում։ Ըստ այդմ, գյուղատնտեսության զարգացումը առանց պետության աջակցության ու միջամտության դժվար է պատկերացնել։ Մի ժամանակ, երբ գործում էր գյուղատնտեսության նախարարությունը, ոլորտը քիչ թե շատ հոգածության ներքո էր, բոլոր թերություններով հանդերձ, սակայն նախարարության կրճատումից հետո այն ամբողջովին բարձիթողի վիճակի է մատնվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերևս դրա պատճառն այն է, որ այս իշխանություններն այնպիսի պատկերացում ունեն, թե գյուղատնտեսությունը պետք է ինքնաբերաբար զարգանա, և եթե մի քանի վարկ տվեցին ֆերմերներին կամ գյուղացիներին, ապա գյուղոլորտի զարգացումն ապահովված է։ Սակայն ոլորտի խթանման հարցը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Նախ՝ անհրաժեշտ է, որ էներգակիրների թանկացումների պարագայում պետությունը օգնի համեմատաբար մատչելի գներով դիզվառելիք ձեռք բերել՝ թեկուզ սուբսիդավորման կամ աջակցության այլ տարբերակների կիրառման միջոցով։

Բայց դիզվառելիքի գները շարունակում են մնալ բարձր այն պարագայում, երբ այն ներկրում ենք դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է, իսկ կառավարությունն էլ հակված չէ դիզվառելիքի հարցում անհրաժեշտ օգնություն տրամադրել գյուղոլորտում ներգրավված անձանց։ Բացի դրանից, պետք էր լուծել նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռքբերման հարցը, քանի որ մի կողմից՝ Ուկրաինական հակամարտության արդյունքում աշխարհում այս ապրանքների դեֆիցիտ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ՝ գներն են մեծապես աճել։

Սերմնացուների պակասի լրացման խնդրին ևս հնարավոր չեղավ պատշաճ կերպով լուծում տալ։ Պատահական չէ, որ գյուղոլորտի մասնագետները շարունակում են մտահոգություն հայտնել այն հարցի կապակցությամբ, որ գյուղացու անվան տակ սուբսիդիաները հասցեական և թիրախային չեն, քանի որ դրանք հիմնականում ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, այնինչ աջակցությունը պետք է անմիջականորեն գյուղացին ստանար։ Կարևոր է նաև ոռոգման հարցը։ Սակայն կառավարությունը, փոխանակ քայլեր ձեռնարկի անհրաժեշտ ջրային պաշարների կուտակման ուղղությամբ, հույսը միայն Սևանա լճից ջուր բաց թողնելու վրա է դրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրա համար էլ ջրամբարներում ջրի լցվածության մակարդակը ցածր է, իսկ կառավարությունը որոշում է ընդունում Սևանա լճից բաց թողնել 170 մլն խմ ջուր: Միայն սպառողական մոտեցմամբ առաջնորդվելով՝ իշխանությունները ոչ միայն սպառնալիքներ են ստեղծում երկրի ջրային անվտանգության համար, այլև խորացնում Սևանա լճում հասունացող էկոլոգիական աղետը։ Հայաստանի մշտական խնդիրներից մեկն էլ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, նորարարությունների կիրառմանը և ֆերմերներին ու գյուղացիներին մասնագիտական գիտելիքներով զինելուն, բայց այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Չնայած այլ բան պետք էլ չէր սպասել այս իշխանություններից։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, ապա դա ցույց է տալիս նրա պատկերացումների մակարդակը։ Միայն մի քանի մանր-մունր ծրագրեր իրականացնելուց հետո իշխանությունները համարում են, թե անհրաժեշտ չափով խթանում են գյուղատնտեսության զարգացումը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է գյուղոլորտում միայն անկում գրանցվում։ Համենայն դեպս, Փաշինյանի կառավարման 4 տարվա ընթացքում միայն բացասական ցուցանիշներ են եղել։ Ու այս ամենին զուգահեռ, սրընթաց թանկանում է սննդամթերքը, որն ուղղակիորեն մեծ թվով մարդկանց թերսնման պատճառ է դառնում։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե «կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, սոխ կերեք, սխտոր կերեք, ի՞նչ է եղել որ», իսկ հիմա այնքան են բարձր գյուղմթերքների գները, մարդիկ նույնիսկ խառը կանաչի, սոխ ու սխտոր չեն կարող ուտել։

Պատճառներից մեկն այն է, որ գյուղմթերքի շուկայում տիրող իրավիճակին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Օրինակ՝ աշնանը անհրաժեշտ քանակությամբ կարտոֆիլի պահեստավորում չի իրականացվել, կրճատվել են ցանքատարածությունները, սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի ներքին պահանջարկի բավարարման հարցը երկրորդական պլան մղվի, և շարունակվի Հայաստանից մեծ չափերով կարտոֆիլի արտահանումը։ Այս ամենի արդյունքում է, որ կարտոֆիլի գների մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն կարողանում կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը։ Օրինակ՝ ներկայումս ծիրանի արտահանման սեզոնն է, և եթե Լարսի անցակետում փլուզումներ կամ այլ խնդիրներ են առաջանում, ոչ միայն տուժում է արտահանումը, այլև փչանում է մթերքը։ Իշխանությունները չեն ցանկանում մտածել արտահանումն այլընտրանքային ուղիներով կազմակերպելու կամ, օրինակ՝ վերամշակվող արտադրանքի արտահանման անցնելու մասին։

Կամ էլ, եթե նախաձեռնություններ կան, ապա դրանք վերջում, որպես կանոն, դատարկ են դուրս գալիս։ Ի մասնավորի, կառավարության նիստում մեծ աղմուկով որոշում ընդունվեց, որ հունիսի 15-ից հայկական ներմուծող ու արտահանող ընկերությունները կկարողանան օգտվել լաստանավային փոխադրումներից՝ որպես այլընտրանք Վերին Լարսի անցակետի, բայց այդպես էլ չհաջողվեց այն լիովին իրականություն դարձնել, որպեսզի ծիրանի արտահանումը լաստանավային փոխադրումների միջոցով իրականացվի։ Արտահանումը կարելի է կազմակերպել նաև բեռնատար ինքնաթիռներով չարտերային թռիչքներ կազմակերպելու միջոցով՝ սուբսիդավորելով այդ թռիչքները, բայց իշխանությունները ընդունակ չեն նման լուծումների գնալ, քանի որ իրենց շատ քիչ է հուզում, թե ինչ տեղի կունենա հայրենական արտադրանքի հետ, կարևորը իրենց պարգևավճարներն ու պետության հաշվին շռայլ ծախսերն անխափան լինեն»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով