«Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» օրաթերթը գրում է.«Կառավարության նախորդ շաբաթվա նիստում հայտարարվեց, որ 2023 թ. հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 000 դրամ։ Ավելանալու է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 28 600 դրամից կդառնա 30 700 դրամ։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման փոփոխությունն ունենալու է որոշակի դրական ազդեցություն: «Մեր հանրապետությունում եկամուտների չափազանց ցածր մակարդակի, նաև գնաճի բավականին բարձր ֆոնին, բնականաբար, քաղաքացիների հնարավորությունները որոշակի կմեծանան: Բայց, բոլոր դեպքերում, նման բարձրացումները մեծ խնդիր չեն լուծելու: Բացի այդ, հենց այս փուլում նման նախաձեռնության մասին հայտարարելն այլ նպատակ է հետապնդում: Ես հիշեցնեմ, որ ընդդիմությունն ավելի վաղ համակողմանի հիմնավորված ձևով այս առնչությամբ նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորում մտցնել:

Այդուհանդերձ, ներկայիս իշխանությունների կողմից նախագիծը չընդունվեց ու անգամ պատշաճ քննարկման առարկա չդարձավ: Ու հիմա, քաղաքացիների կողմից այս ահռելի մեծ դժգոհությունների պայմաններում իբրև թե ուզում են ցույց տալ, որ ժողովրդին լավություն են անում, մինչդեռ ուժգին գնաճի ու ցածր եկամուտների պայմաններում նման մոտեցումը չափազանց մեծ խնդիր չի լուծելու»,-ասաց տնտեսագետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է վերոնշյալ վճարներն ավելի մեծ չափով բարձրացնելու կառավարության հնարավորություններին, տնտեսագետը նշեց, որ մեզ մոտ տեղի ունեցող գործընթացները, իրողությունները հաշվի առնելով՝ դժվար է երբեմն լավ հասկանալ, թե իրականում կառավարության հնարավորությունները որքան են:

«Հասկանալի է, որ իշխանություն պահելու համար ամեն քայլի դիմում են: Ես չեմ զլանա ասել, որ նման մոտեցումը կարող է պայմանավորված լինել նաև պարտքային ինստիտուտով. ըստ էության, իրականում հնարավորությունները մեծ չեն՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Առաջին պատճառը հենց պետական կառավարման համակարգի խիստ անարդյունավետությունն է: Սա ենթադրում է պետական եկամուտների ավելի սահմանափակ, ավելի զուսպ մակարդակներ, ինչի պարագայում մեծ հնարավորություններից խոսելը դժվար է: Առհասարակ, ցանկացած տնտեսության հնարավորություններն ուղղակիորեն կապված են տնտեսության կառուցվածքի և տնտեսական գործունեության արդյունավետության հետ: ՀՀ-ում արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտ, որպես այդպիսին, չկա, և հարց է՝ այս պայմաններում որտեղի՞ց պետք է հնարավորություններ ունենանք»,ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ թեպետ հնարավորությունները քիչ են, բայց այդ հանգամանքը, կարծես, չի ազդում կոնկրետ պաշտոնյաների, նրանց հարազատների վրա: «Ինչպես ասում են՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»:

Կարծում եմ՝ այս նախադասությամբ ամեն ինչ ասված է: Իրենք, ընդհանրապես, թե՛ տարածքային, թե՛ եկամտային առումով շարունակում են առաջընթացներ գրանցել: Իրենք հանգրվանել են մի տեղում, ուր գտնվում են վայելքների դաշտում՝ ի հաշիվ մեր աղքատ ժողովրդի»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն իրողությանը, ըստ որի, դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին թեպետ դրամն արժևորվել է, բայց գների նվազում Հայաստանում այդպես էլ չի նկատվում: «Իրականում գործ ունենք մեխանիկական իրավիճակի հետ, որը բնական, տնտեսական գործընթացների արդյունք չէ, ինչով էլ պայմանավորված է վերոնշյալը: ՌԴ-ն, գտնվելով խիստ պատժամիջոցների ներքո, մեծագույն դժվարության առաջ է հայտնվել արտարժույթը՝ դոլարը կամ եվրոն, իրացնելու, իրենց գործունեությունը ծավալելու իմաստով: Եվ, ըստ էության, հետխորհրդային տարածքներից միայն Հայաստանն է մնացել, որտեղ գոնե դրամային, բանկային հարաբերությունների առումով հնարավորությունն ավելի մեծ է: Նշվածով էլ պայմանավորված՝ դոլարը եկել, լցվել է Հայաստանի Հանրապետություն: Երբ շուկայում ապրանքը շատանում է, գինն իջնում է, այդպես էլ նաև արտարժույթի դեպքում է:

Նման պայմաններում, բնականաբար, հայկական դրամն արժևորվում է, բայց խնդիրն այն է, որ այս իրավիճակը իրական տնտեսական գործընթացների տրամաբանության մեջ չէ: Այն մեխանիկական է՝ մեր կամքից անկախ տեղի ունեցող գործընթաց: Ու քանի որ Հայաստանում հավել յալ արժեք չի ստեղծվում, ու մեզ մոտ հիմնականում վխտում ու զարգանում են միայն մոլերը, ապա նման տնտեսությունը խոցելի է բոլոր առումներով: Այս պայմաններում մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն իրականում բնութագրում է գոյություն ունեցող ֆինանսական ռեսուրսների շարժը, որը երբևիցե տնտեսական աճի իրական ցուցիչ չէ: Կառավարությունում կարող են անգամ երկնիշի փոխարեն եռանիշ ՏԱՑ-ի մասին հայտարարել, դրանից ոչինչ չի փոխվում»,եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով