Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Ալավերդու շտապօգնության կայանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ համայնքի սկզբնամասում, ժայռից քարն ընկել է ավտոմեքենայի վրա և կա տուժած, հայտնում է shamshyan-ը։
Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի Թումանյանի տարածաշրջանը սպասարկող պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, իսկ հրշեջ-փրկարարները հեռացրել են մոտ 40 կգ-ոց մի քանի քար:
Պարզվել է, որ Ալավերդի–Հաղպատ ավտոճանապարհի 7-րդ կմ աջակողմյան հատվածում մոտ 40 կգ-ոց ժայռաբեկորը պոկվել, ընկել ու հարվածել է նշված վայրով ընթացող Արմեն Աղաբաբյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր Սիրանուշ Մնոյանը Ալավերդու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները և պարեկները տեղանքը զննելուց հետո ևս մի քանի 40-50 կգ-ոց ժայռաբեկոր են հայտնաբերել, որոնք հեռացրել են երթևեկելի գոտուց:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: