«Շեղբը հասավ ոսկորին, և ժողովուրդը կանգնեց, նահանջելու տեղ չկա». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Ազատության հրապարակում եմ եղել վերջին օրերին, հիմա էլ ուղղությունս դեպի հրապարակ է, այլ տարբերակ չկա»,-«Փաստի» հետ զրույցն այսպես սկսեց բանաստեղծ Հուսիկ Արան: Հավելում է` այս շարժմանը դեռևս աշնանն էր սպասում: «Մի հատկանիշ ունի մեր ազգը, որը գալիս է հազարամյակների խորքից, այն է` կրիտիկական պահին կանգնել, ոչ թե նահանջել: Էպոսում, որը մեր բնութագիրն է, նույնն է` «երբ շեղբը կհասնի ոսկորին…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շեղբը հասավ ոսկորին, և ժողովուրդը կանգնեց: Ցավոք, միշտ մի քիչ ուշ է կանգնում, միշտ մի քիչ կորցրած է կանգնում: Մեկ տարի առաջ եթե կանգներ, այս մեկ տարվա կորուստները չէինք ունենա: Բայց հիմա է ոտքի ելել և չի նահանջելու, իր նպատակին հասնելու է: Հայն այդպես է, Սարդարապատում էր այդպես, այլ օրինակներ էլ կան: 2018 թվականի հետ համեմատած` փողոց դուրս եկած ժողովուրդը դագաղներ չի բերում, ծայրահեղ քայլերի չի գնում, մարդիկ փողոց են դուրս եկել իրենց հայրենիքի փրկության համար: Սա հայրենիքի փրկության շարժում է, այն թուրքին վերջնականապես չտալու շարժում: Հրապարակում այն մարդիկ չեն, որոնք նպատակ են դրել, որ ստամոքսը կուշտ լինի, իրենք լավ ապրեն և այլն, այլ հայն է, որ կանգնած է իր հողի վրա և ասում է` սա իմ հայրենիքն է, ոչ թուրքինը: Շատ կիրթ, ամուր, ուժեղ, սկզբունքային մարդիկ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է` մայիսի մեկի հանրահավաքից հետո մարդիկ մնացին հրապարակում, քանի որ գիտեն` նահանջի տեղ չունեն: «Ո՞ւր նահանջեն, երբ արդեն Երևանը հանձնելու հարցն է հեռահար քննարկվում: Ասում է` Երևանն իմ քարտեզում է, վերջ, սահմանագծումն այսպես է: Նրանք լուրջ են, մենք` անլուրջ: Իսկ սրանք ամեն ինչ տալիս են, ոչ կարող են բանակցել, ոչ էլ ուրիշ բան»,-հավելում է նա:

Շատ հաճախ կարելի է կարծիքներ լսել, որ այս օրերի և 1988 թվականի շարժումների միջև զուգահեռներ են անցկացնում: «Ինձ համար երկու շարժումները մի կետով նման են, մեկով` տարբեր: 1988 թ.-ին Արցախը հայաթափելու դեմ պայքար էր, արցախահայությունը ցեղասպանությունից փրկելու համար պայքար էր: Հիմա` Արցախ գումարած Հայաստան: Այ սա է 1988 թ.-ի և այս օրերի նմանությունն ու տարբերությունը: 1988 թ.-ին Հայաստանի կորստի, այն փրկելու հարց դրված չէր, հիմա նաև այդ հարցն է օրակարգում: Այս մասին էլի եմ խոսել` վերադառնում ենք 88 թ.-ի փետրվար` փրկել Արցախը, բայց հիմա նաև Հայաստանը: Ինչո՞ւ մարդիկ օրեր շարունակ Հայաստանի խորհրդանշական չորս կետերից քայլեցին ու հասան Երևան, դրանք այն կետերն են, որոնք առայժմ ծրագրել է տալ»,-հիշեցնում է Հուսիկ Արան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդգծում է` մեր ժողովուրդը պետք է մեկ բան հստակ գիտակցի` թուրքի լպիրշությունը սահման չունի, նրա նպատակը Հայկական հարցը վերջնականապես լուծելն է, ոչ մի հայ չթողնելը: «Հիմա` եթե կարծում են Հայաստանի մի մասն ու Երևանը տալով, ասենք, Ապարանում կգնան ու կապրեն, ասեմ` թուրքն այնտեղ էլ հանգիստ չի թողնելու: Ալիևն ասում է` Սևանը, Երևանն ու Զանգեզուրն իմն է, Էրդողանն էլ ասում է` Արարատյան դաշտը, Գյումրին ու մնացյալն են իմը, քանի որ այնտեղ հարյուր տարի առաջ մուսուլմաններ են ապրել: Ի՞նչ է, օդից ընկան հայերը: Մեր անասունները ձայն չեն հանում: Ես այս բառի համար պատասխանատու եմ, եթե սա վիրավորանք կհամարվի: Թուրքին իր պատմությունը չեն հիշեցնում, չեն ասում` գիտենք, թե ով եք, որտեղից եք եկել, Սուրբ Սոֆիայի տաճա՞րն է ձերը, թե՞ Կոստանդնուպոլիսը»,-նշում է մեր զրուցակիցը:

Մարդիկ չեն հեռանա հրապարակից, այս տարբերակը նա բացառում է: «Դրված է Հայաստանը փրկելու խնդիրը, ո՞ւր հետքայլ անեն, ինչպե՞ս անեն: Այսինքն` համաձայնվե՞ն Երևանը հանձնելու: Պիտի կանգնենք ու պայքարենք, սա գոյապայքար է: Հետո, երբ ամեն ինչ կխաղաղվի, ժամանակավոր կառավարություն կկազմավորվի, ընտրություններ կլինեն, թող մարդիկ գնան ու ընտրեն նրան, ում ցանկանում են: «Նախկինները», «հները», անընդհատ նույն միտքն է հնչում, չեք ուզում, մեկ ուրիշին ընտրեք, բայց ոչ թե սրանք մնան իշխանության»,-եզրափակում է Հուսիկ Արան:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով