Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն. ԱԱԾ պահեստազորի սպաներ

 

Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հեռարձակվել է նյութ, որով տեղեկացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենսդրական փաթեթի մասին, համաձայն որի նախատեսվում է մասնավորապես ԱԱԾ կազմից հանել քննչական դեպարտամենտը, ԱԱԾ-ն զրկել նախաքննություն իրականացնելու իրավասությունից:
Համառ հետևողականությամբ գործող իշխանությունները կարծես նպատակ են հետապնդում թուլացնել Ծառայությունը, երկրի անվտանգային համակարգը: Դա է վկայում անվտանգության մարմնի համակարգից քննչականի հետ մեկտեղ պետական պահպանության ծառայության, հետախուզության և սահմանապահ զորքերի դուրսբերման իշխանական ծրագրերը: Փաստացի բանակից հետո երկրորդ խոշոր թիրախ է ընտրված ազգային անվտանգության ծառայությունը:
Նշված ռեպորտաժում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ բերել է հետևյալ հիմնավորումները`

1. լուծվելու է տարբերակված աշխատավարձի խնդիրը` մանրամասնելով, թե իբր ԱԱԾ քննիչները քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ բարձր են վարձատրվում,

2. «ստացվում է այնպիսի մի իրավիճակ, երբ որ տարբեր քննչական մարմինների շրջանում քննվում են այնպիսի գործեր, որոնք պրակտիկայում շատ հաճախ լինելով այս կամ քննչական մարմնի քննչական ենթակայության տիրույթում` սովորաբար փոխանցվում են նաև Քննչական կոմիտեին»,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. կապահովվի մեկ միասնական մեթոդաբանության մեկ միասնական քաղաքականության կիրառումը,

4. անվտանգության ծառայությունը չի դիտարկվում որպես տիպիկ քննչական մարմին, այն հետաքննություն իրականացնող կառույց է,

5. որպես օրինակ նշվում է` «եթե հետախուզական կամ հակահետախուզական ֆունկցիայի շրջանակներում կբացահայտեն, օրինակ, ահաբեկչության հանցակազմի տարրեր, ապա ընդամենը հաղորդում են ներկայացնում համապատասխան քննչական կոմիտեին»:
Ակնհայտ է, որ ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ այս փոփոխություններն արվում են կամ համակարգը թուլացնելու /կազմաքանդելու/ ուղղակի դիտավորությամբ և կամ կառույցի աշխատանքային նրբությունները, սպեցիֆիկան չիմանալու, չպատկերացնելու արդյունքում: Վերոհիշյալ կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը`

1. մյուս քննչական մարմինների, այդ թվում նաև Քննչական կոմիտեի քննիչների համեմատ ԱԱԾ քննչական դեպարտամենտի աշխատակիցները տարիներ շարունակ ստացել են անմենացածր աշխատավարձը և միայն վերջին շրջանում, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի ղեկավարման ժամանակ է հաջողվել այն բարձրացնել` գրեթե հավասարեցվելով Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձին, որը սակայն էականորեն զիջել է ՀԿԾ-ի /հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե/, ինչպես նաև ՊԵԿ-ի քննիչների աշխատավարձին,

2. տարբեր քննչական մարմիններում գործերի քննության վերաբերյալ Արդարադատության փոխնախարարի 2-րդ կետում ձևակերպած միտքը որքան էլ անհասկանալի է, այնուամենայնիվ հարկ է նշել, որ գործող քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է քրեական գործերի քննչական ենթակայությունը և միայն դատախազին է վերապահված տարբեր քննչական մարմինների ենթակայության գործերը փոխելու իրավասությունը: Ասել է թե ԱԱԾ քննչական մարմնում եթե նույնիսկ քննվում են ոչ իրենց քննչական ենթակայությանը վերաբերող գործեր, դրանք արվում են բացառապես դատախազի հանձնարարությամբ: Պետք է արձանագրել, որ չի եղել գեթ մեկ դեպք, որ վատ ու անորակ քննության կամ կոռուպցիոն ռիսկի պատճառով ԱԱԾ քննչական մարմնի վարույթից վերցնեն քրեական գործն ու այլ քննչական մարմնի փոխանցեն: Հակառակը` մշտապես ԱԱԾ քննչական վարույթ են բերվել անկարողության կամ կոռուպցիոն ռիսկի հետևանքով քննությունը ձախողած քրեական գործեր, որոնք ԱԱԾ ղեկավարի անմիջական հսկողության ներքո, օպերատիվ և քննչական մարմինների ներդաշնակ, ճիշտ պլանավորված աշխատանքի շնորհիվ բացահայտվել ու դատական վախճան են ունեցել,

3. աշխատանքի մեկ միասնական մեթոդաբանության մեկ միասնական քաղաքականության կիրառումն արդեն իսկ ապահովվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար ուղարկվող շրջաբերականներով, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով: Հետևաբար ռեպորտաժում բերված այս փաստարկը ևս անհիմն է,

4. փոխնախարարի ձևակերպումից անհասկանալի է` ի վերջո ո՞ րն է իշխանությունների մոտեցումը` ձգտում են ունենալ առանձին քննչական մարմիննե՞ր, թե՞ կողմ են մեկ մարմնում օպերատիվ և քննչական ստորաբաժանումների մեկտեղմանը: Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ի դեպքում համարում են` չպիտի ունենա քննչական մարմին, իսկ ընդամենն ամիսներ առաջ ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի պարագայում միլիարդավոր դրամների լրացուցիչ ծախս կատարելով` կառույցի ներսում ձևավորեցին նաև օպերատիվ ստորաբաժանումներ: Սա բացարձակ երկդիմի, անձնավորված մոտեցում է` ենթադրաբար պայմանավորված երկրի վարչապետի հետ այս կամ այն կառույցի ղեկավարի մտերմության, վստահության աստիճանով,

5. քննությունը չի սահմանափակվում հաղորդումը քննչական մարմնին զուտ փոխանցելով` կարևորը քննության որակի ապահովումն է, ասել է թե հանցագործության դեպքի բացահայտումը, ինչին հնարավոր է հասնել բացառապես օպերատիվ և քննչական մարմինների ներդաշնակ, պլանավորված, փոխլրացնող գործողություններով: Տարիների փորձը ցույց է տալիս, որ օպերատիվ և քննչական մարմինները, որպես կանոն, կարողանում են ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ապահովել նույն մարմնի կազմում ու կառավարման ներքո գործելու պայմաններում, երբ ապահովվում է փոխադարձ վստահության, սինխրոն աշխատանքի մթնոլորտ: Այս գործոններն են եղել հիմնական պատճառը, որ չբացահայտված կամ թույլ քննված քրեական գործերով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից տասնյակ տարիներ շարունակ հանձնարարվել է ԱԱԾ-ին:

Փոփոխության հեղինակները պատկերացում անգամ չունեն, թե ինչ օպերատիվ և քննչական համատեղ աշխատանք, կոմբինացիաներ են իրականացվում ԱԱԾ քննչական մարմնի ենթակայությանը վերապահված, օրինակ, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքերով քննության ընթացքում, որոնք կառուցվածքային նման փոփոխության իրականացման արդյունքում կարող են էապես տուժել:

ԱԱԾ կառույցի ներսում շատ մեծ է նաև քննչական մարմնի դերակատարությունն օպերատիվ ստորաբաժանումներին տարբեր հարցերում աջակցելու մեջ, որը հրապարակման ենթակա չէ, սակայն կառուցվածքային փոփոխությունների դեպքում պետք է պարտադիր հաշվի առնել:

Անհասկանալի է նաև, թե ինչ երկրի փորձ է ներդրվում Հայաստանում, ինչու հաշվի չի առնվում, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների, այդ թվում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմում ևս գործում են քննչական մարմիններ:
Բարձրացված խնդիրն առավել քան առանցքային ու արդիական է, հետևաբար ԱԱԾ ղեկավարությունը պետք է ամեն կերպ ձգտի կանխել կառույցի նման մասնահատումները, որոնք ակնհայտորեն իրականացվում են ոչ կոմպետենտ, քաղաքական տարբեր թևերի շահեր սպասարկող ուժերի կողմից:

ԱԱԾ կազմից մի քանի առանցքային ստորաբաժանումներ դուրս բերելու հարցի հետ կապված ակնկալում ենք նաև պահեստազորում գտնվող մեր մյուս գործընկերների կարծիքների բարձրաձայնումը»,- նշված է հաղորդագրությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով