ՄԻՊ-ը կայցելի՞ Վանեցյանին եւ հացադուլավոր տղաներին .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ՄԻՊ գործառույթների շրջանակում իրենց դիտարկման տիրույթում չե՞ն գտնվում, արդյոք, Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքական գործիչներն ու հացադուլ անող պատերազմի մասնակից տղաները, ի՞նչ կարող է ասել այդ կապակցությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այո, վստահաբար, մենք առաջին իսկ օրվանից՝ կիրակի օրվա երկրորդ կեսից սկսած, երբ սկսվել էր նստացույցը քաղաքական գործչի (Արթուր Վանեցյանին նկատի ունի՝ խմբ․), ու դրանով պայմանավորված հավաք էր մարդկանց, ու նաեւ ունեցանք հինգ անձի բերման ենթարկելու դեպք, այդ պահից սկսած՝ մենք մոնիտորինգ ենք անում, մինչեւ այս պահն էլ, հենց այդ երեկոյան կապի մեջ ենք եղել ոստիկանության հետ, պարզաբանումներ ենք ստացել, հետո տեղեկացել ենք, որ անձինք ազատ են արձակվել»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է հացադուլ անող տղաներին, ապա մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ նրանց հետ եւս կապի մեջ են եղել, ՄԻՊ ներկայացուցիչները քանիցս այցելել են նրանց։

«Մեր միջամտությամբ վրան է տեղադրվել տղաների համար, քանի որ ոստիկանության կողմից վրանի տեղադրման դժվարություններ կային, մենք միջամտել ենք, վրանը տեղադրվել է, նաեւ կոչ եմ հղել եւ ուզում եմ այս հնարավորությունն էլ օգտագործել ու տղաներին կոչ անել՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ, որ իրենց ներուժը իրենց կողմից հետապնդվող նպատակներին հասնելու համար կարելի է առողջությանն ավելի պակաս վնասակար ձեւով դա անել»,- ասաց նա։

– Երբ առաջին օրը բերման էին ենթարկվել հինգ անձինք, ու դուք պարզաբանում եք պահանջել ոստիկանությունից, բավարարե՞լ են ոստիկանության պարզաբանումները, եւ նրանց գործողություններում ՄԻՊ-ը որեւէ խախտում չի՞ նկատել։

– Նախ նշեմ, որ մենք մեր նախաձեռնությամբ էինք հետաքրքրվել ոստիկանությունից, թե ինչ ընթացակարգով եւ ինչ խախտման հիման վրա են բերման ենթարկվել անձինք։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի հետ ենք կապի մեջ եղել, նրանց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, որոնց մեջ մենք չենք գտել խնդրահարույց որեւէ բան, հետո նաեւ իմացել ենք, որ սահմանված ժամկետում անձինք ազատ են արձակվել, եւ պահանջներ չեն ներկայացվել։ Ըստ էության՝ սա է եղել եղելությունը։

– Հավաքի մասնակիցները պնդում են, որ ապօրինի է եղել իրենց բերման ենթարկելը, իրենք խաղաղ հավաք են իրականացնելիս եղել, ոստիկանությունը եկել-տարել է իրենց։

– Գիտե՞ք, տպավորությունների վրա հետեւություններ, ընդհանրական հայտարարություններ անելը, կարծում եմ՝ կհամաձայնեք, շատ տարածված է։

– Ոստիկանությունն ինչպե՞ս է հիմնավորել իր կողմից բերման ենթարկելու գործողությունը։

– Ոստիկանության կողմից հիմնավորվել է իրենց կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջի չկատարումը, օրինական պահանջը վերաբերել է տվյալ տարածքում, տվյալ իրավիճակում, ըստ ոստիկանության, հասարակական կարգն ու հավաքի մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունն ապահովելու մասով, ըստ այդմ՝ եղել են բերման ենթարկվողներ։

– Այս պահին որեւէ խնդրահարույց բան չե՞ք տեսնում հավաքի մասնակիցների կամ ոստիկանության գործողություններում։

– Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեր մոնիտորինգի գործողությունը։ Այս պահին որեւէ խախտման արձանագրման հետ կապված խնդիր չեմ տեսնում, անձինք ունեն իրենց հնարավորությունը՝ իրենց  քաղաքական հայացքներն արտահայտելու եւ հավաքների ազատության իրավունքն իրացնելու, եւ մենք էլ շարունակելու ենք հետեւել։

– Իսկ անձամբ Դուք հացադուլավոր տղաներին այցելե՞լ եք։

– Անձամբ ես չեմ այցելել, դեռ ժամանակ չեմ ունեցել, ու նաեւ չի ստացվել իրենց այցելել, բայց շարունակվելու դեպքում, բնականաբար, բոլոր միջոցները կներդնեմ, որպեսզի հնարավորության դեպքում տղաներին օր առաջ նրանց վիճակից հանելու կամ առնվազն այդ ընթացքում նրանց առողջության պահպանման եւ այլ իրավունքները երաշխավորելու համար։

– Իսկ հավաքի մյուս մասնակիցներին, օրինակ՝ Արթուր Վանեցյանին եւ մյուս նախաձեռնությունների անդամներին ցանկություն կա՞  հանդիպելու, քննարկելու, որ հասկանանք՝ որն է իրենց պահանջը։

– Ես կարիքը չեմ տեսնում, որովհետեւ քաղաքական գործիչներն իրականացնում են իրենց քաղաքական գործունեությունը, որպես մարդու իրավունքների պաշտպան՝ իմ գործառույթն է, որ անձանց հավաքների իրավունքի ազատությունը չխախտվի, խախտումներ տեղի չունենան, ինչը ես հետեւողականորեն իրականացնում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 + 6 =