«ԱԱԾ տնօրենի դերակատարությունը բացարձակապես վերանում է. ՊՊԾ ղեկավար է նշանակվելու մարդ, ով ենթարկվելու է միայն վարչապետին». Միքայել Համբարձումյան

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ 13:21 Ապրիլ 19 2022 |
Խորագիր:
Քաղաքականություն
«ԱԱԾ տնօրենի դերակատարությունը բացարձակապես վերանում է. ՊՊԾ ղեկավար է նշանակվելու մարդ, ով ենթարկվելու է միայն վարչապետին». Միքայել Համբարձումյան
Օրենսդրական նախագծերի միասնական կայքում երեկվանից շրջանառության մեջ է դրվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն (ՊՊԾ) ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ, այսինքն՝ քանի որ ԱԱԾ-ն կառավարությանն առընթեր մարմին է, հետևաբար՝ ՊՊԾ-ն ևս ունի այդ կարգավիճակը:
Օրենսդրական այս փոփոխության հեղինակների կարծիքով՝ պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս՝ որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ ԱԱԾ մասնակցությամբ, և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում:
Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):
Հետևաբար՝ վերոբերյալը բավարար հիմք համարելով, առաջարկում են ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:
«Կարևորել զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- գրված է օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ:
Այս օրենսդրական փոփոխությունը ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանի կառավարման պարագայում անիմաստ է, որովհետև անկախ ձևակերպումներից՝ ԱԱԾ-ն, հետևաբար և՝ Պետական պահպանության ծառայությունն ուղիղ կատարում են վերջինիս ցանկացած հրահանգ:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, օրենքի ձևակերպում տվեց իր կամարտահայտությանը՝ դրանով իսկ կանխելով հնարավոր ֆորսմաժորները:
168.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն անդրադառնալով այս օրենսդրական նախաձեռնությանը՝ ասաց՝ նախ և առաջ բարձրացնում են պետական պահպանության ծառայության ստատուսը:
«Ստատուսը բարձրացնելը նշանակում է, որ դա արդեն առանձին կառույց է դառնում՝ իր առանձին բոլոր ատրիբուտներով, և դառնում ուղիղ վարչապետի ենթակայության տակ գտնվող կառույց: Այստեղ ԱԱԾ տնօրենի դերակատարությունը բացարձակապես վերանում է: Այսինքն՝ ՊՊԾ ղեկավար է նշանակվելու վարչապետի կողմից նախընտրած մարդը, ով ենթարկվելու է միայն և բացարձակապես նրան»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով կառույցի կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանի համար էական է, որ ՊՊԾ ղեկավարի պաշտոնում լինի բացարձակ վստահելի, միայն իրեն ենթարկվող մարդ:
«Վերջիվերջո, վարչապետի, ինչպես նաև մյուս պետական պաշտոնյաների ֆիզիկական պաշտպանությունն են իրականացնում, սակայն հիմնական շեշտադրումը, այնուամենայնիվ, վարչապետի ֆիզիկական պաշտպանության վրա է դրվում»,- ասաց Միքայել Համբարձումյանը:
Հարցին՝ վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ամեն դեպքում ՊՊԾ-ն, տարիներ շարունակ գտնվելով ԱԱԾ-ի կազմում, հաջողությամբ իրականացրել է իր գործառույթները, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց՝ չգիտեմ, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել:
«Ամեն դեպքում նման փորձ կա, Ռուսաստանում էլ է այդպես, առանձին կառույցներ են: Այստեղ ուղղակի խնդիր կարող է առաջանալ օպերատիվ համագործակցության հետ: Երբ մի կառույցի ներսում են աշխատում, բնականաբար, համագործակցությունն ավելի արդյունավետ է լինում: Օպերատիվ աշխատանքների կազմակերպման իմաստով բարդ է լինելու, իսկ թե ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել, չեմ ուզում կանխակալ գնահատականներ տալ:
Պարզ է մի բան, որ սրանով վարչապետի համար ամենամեծ կարևորություն ներկայացնող կառուցներից մեկի ուղիղ ենթակայության հարցն են լուծում: Ուղղակի պետք է լինի մեկը, ով կենթարկվի միայն իրեն, ում նկատմամբ նա բացարձակ վստահություն կունենա, և ով որևէ այլ ղեկավարով կաշկանդված չի լինի»,- ասաց Միքայել Համբարձումյանը:
ԱԱԾ նախկին տնօրենն ուշադրություն հրավիրեց նաև ծախսային մասի վրա:
«Կարծում եմ՝ ֆինանսական բաղադրիչը նույնպես պետք է դիտարկել: Պետք է համադրել բյուջեի ծախսերը, երբ այս կառույցը ԱԱԾ-ի կազմում գտնվող ստորաբաժանում էր, և հիմա, երբ վարչապետին ենթակա, լրիվ առանձին կառույց է դառնալու: Ենթադրում եմ, որ տարբերությունն էական է լինելու»,- եզրափակեց Միքայել Համբարձումյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով