Ադրբեջանական ԶՈւ-երը կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- նշված է Արցախի գլխավոր դատախազության հայտարարությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով