Մեկ տարի առաջ այս օրը կազմավորվեց ԱՀ ՆԳ նախարարությունը

Հարգելի հայրենակիցներ
 
Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, որի ղեկավարումը վերապահվեց ինձ, իսկ նախարարության կառուցվածքում միավորվեցին ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն էր: Մի՛ կողմից անհրաժեշտ էր պատերազմի հետևանքները վերացնել հավանական սպառնալիքներից, մյուս կողմից՝ փրկարար-որոնողական աշխատանքների իրականացումն Արցախի գրավյալ տարածքներում, դրան զուգահեռ՝ կյանքը հունի մեջ գցելու առաջադրանք կար:
 
Մեկ տարվա ընթացքում կատարված համատեղ թիմային աշխատանքը մեզ վերստին ոտքի կանգնեցրեց և շնորհիվ գերատեսչության ծառայողների՝ առաջ նայելու հնարավորություն ընձեռեց:
 
Գիտակցելով, որ հետպատերազմյան իրավիճակում Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է, ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողներն արեցին անգամ անհնարինը: Սա մի առաքելություն էր, որը կատարեցինք պատվով ու կշարունակենք ծառայել արժանապատվությամբ:
 
Ի՞նչ ենք հասցրել անել անցած մեկ տարվա ընթացքում: Նախ, 2021 թվականի հունվարի 26-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ոստիկանության և ԱԻՊԾ ղեկավար պաշտոններում նշանակվեցին մարդիկ, ովքեր աշխատանքային փորձով և մարդկային արժանիքներով ոչ միայն պահպանեցին ծառայությունների ավանդույթները, այլև աշխատանքը դարձրին ավելի արդյունավետ:
 
Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ և առաջնորդվեցինք այն պարզ կարգախոսով, որ օրենքն Արցախում հավասար է բոլորի համար, և որ քաղաքացին փաստացի բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ իշխանության առջև դրված առաջնային խնդիր:
 
Ինձ համար սկզբունքային է նաև թիմային մտածողությունը, հասարակության հանդեպ սրտացավությունը և հայրենիքին անվերապահ նվիրումը: Մեր կարևորագույն գերնպատակներից մեկն է, որ ժողովրդավարական հասարակություն և ժողովրդավարական երկիր կերտելու գործում ունենանք մեր մեծ ներդրումը։
 
ՆԳ նախարարության ռազմավարության հիմնական նպատակներից մեկը նաև հասարակությանը ոստիկանի և փրկարարի նոր կերպար ներկայացնելն է։ Այս համատեքստում, բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք միտված են բարձրացնելու ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը:
 
Թե որքան՞ով հաջողեցինք և կամ որտե՞ղ թերացանք, կարծում եմ Ձեր գնահատականն ավելի կարևոր է:
 

Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով