Կառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկին

 

Հունվարի 17-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ պետական կամ ոչ պետական դպրոցում սովորելու հանգամանքից, դասագրքերը ստանան անվճար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ՝ կապված դասագրքերի ձեռքբերման գործընթացում առկա անհավասարության հետ: Ըստ պատգամավորի՝ նախագիծը վերացնում է առկա խտրական վերաբերմունքը:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձրաձայնել է Կառավարության դրական տեսակետը: Նա նշել է, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախագծին և ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է:

«Խոսքն ամենևին սոցիալական աջակցության ծրագրի մասին չէ։ Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ տարրական դասարանների դասագրքերը մեր երկրի բոլոր երեխաներին, բացառությամբ ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների, տրամադրվում են անվճար՝ պետական բյուջեի հաշվին։ Ինչ վերաբերում է 5-12-րդ դասարանների դասագրքերին, ապա գործում է սոցիալական աջակցության ծրագիր, և յուրաքանչյուր դպրոց ունի հնարավորություն աշակերտական կազմի մինչև 10 տոկոսին դասագրքերը տրամադրելու անվճար։ Բացի դրանից՝ ունենք սոցիալական աջակցության ծրագիր սահմանամերձ համայնքների համար, որտեղ բոլոր աշակերտներին 5-12 դասարաններում դասագրքերը տրամադրվում են անվճար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պետությունը սոցիալական աջակցության քաղաքականությունը բավարար չափով իրականացնում է։

Նրա խոսքով՝ երեխաների իրավունքը չպետք է կախված լինի նրանից, թե ինչ ուսումնական հաստատությունում են սովորում։

«Ոչ պետական դպրոցները կազմում են մեր հանրակրթության փոքր, բայց կարևոր մասնիկը։ 48 ոչ պետական դպրոցները, իհարկե, տարբեր են, բայց այստեղ մենք ունենք մանկավարժության այլընտրանքային կրթության ձևերի բազմաթիվ լավագույն օրինակներ, և կարիք չկա թիրախավորելու այդ դպրոցները կամ այն երեխաներին, որոնք սովորում են այդ դպրոցներում։ Ինչպես նշեցի, այս դեպքում խոսքը պետության պարտավորության մասին է, և յուրաքանչյուր երեխայի հանդեպ այն պետք է լինի նույնը։ Եթե առաջին դասարանցիներին նվիրում ենք այբբենարաններ, ապա այդ այբբենարանները պետք է նվիրենք բոլոր երեխաներին՝ անկախ նրանից, որ այդ 4 հազար երեխաները սովորում են ոչ պետական դպրոցներում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ նախագծի ընդունման պարագայում Կառավարությունը նպատակահարմար է գտնում այս նախաձեռնությունը ներառել հաջորդ տարվա բյուջետային հայտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 − 9 =