Գերությունից հետո կալանավորված զինծառայողների նկատմամբ խախտվում է կալանքի վերանայման իրավունքը. «Իրավական ուղին» ահազանգում է

 

«Իրավական ուղին» հասարակական կազմակերպությունն ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն Նալբանդյանի մասով այս պահի դրությամբ նիստ առհասարակ նշանակված չէ, իսկ Ամիրխանյանի մասով (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան), թեև դատական նիստը նախապես նշանակված էր այսօր՝ հունվարի 5-ին, սակայն քիչ առաջ մեզ տեղեկացվեց, որ այն տեղափոխվում է հունվարի 7-ին։

Համեմատության համար նշենք, որ նույն խմբի զինծառայողների մասով նույն վերաքննիչ դատարանը դրսևորել է «պատշաճ արագություն» այն միակ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքը, որի դեմ բողոք էր բերել քննչական մարմինը։ Ըստ հրապարակային տեղեկության՝ վերաքննիչ դատարանը քննիչի բողոքը քննել, բավարարել և կալանք էր կիրառել դեռևս դեկտեմբերի 27-ին։

Վերադաս դատարանի առջև կալանքը վիճարկելու իրավունքի այսչափ ուշացումը, զուգորդված տարբերակված մոտեցման հետ, լուրջ հարցականի տակ է դնում նշված անձանց նկատմամբ վերաքննիչ դատարանի՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելը, վերաքննիչ դատավորների անկողմնակալությունը և իրավունքի երաշխավոր հանդես գալու ունակությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով