Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։
Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։