«Հարգելի գործընկերներ, քաղաքացիներ, Հայտնում եմ, որ դիմումիս համաձայն դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս», իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման փոխնախարար Լիլիա Շուշանյանը:
«Առաջնորդվել եմ այն գործելաոճով, որ ամեն օր ի հայտ եկող խնդիրներին (400 թույլտվությունների դեպքում դրանք բազմապիսին էին, հաճախ նաև մեր անմիջական իրավասություններից դուրս՝ ձուլարանի փակումից մինչ հանքի վերագործարկում, վթարներից մինչ գործադուլներ և այլն) պրակտիկ լուծումներ տալուց բացի զուգահեռ ինքներս մեզ պետք է ստիպեինք դառնալ դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ որպես քաղաքականություն մշակող մարմին։ Որքան էլ այսօրեական հարցերի կարգավորումը էական էր երկրի և տնտեսության բնականոն կյանքի համար, այդուհանդերձ, միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով է հնարավոր ստեղծել արդյունավետ աշխատող համակարգեր, որոնք կախվածության մեջ չեն լինի անձերից:Ուստի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների խիստ սղության պայմաններում (ողջ պետական համակարգում միայն 2 տասնյակ անձնակազմ և պետբյուջեից 0-ական հատկացում) այս 2 տարվա ընթացքում կարողացել ենք բացի մեծաթիվ ընթացիկ գործերից (առկա իրավունքների մոնիթորինգ, նոր դիմումների փորձաքննություններ, պաշարների փորձաքննություն, պետական շահերի պաշտպանությանն ուղղված աննախադեպ թվով դատական գործեր, զգուշացումներ, պաշարների բալանսի վարում և այլն) իրականացնել լրացուցիչ նախաձեռնություններ, որոնց գերակշիռ մասը պլանավորված չի եղել ծրագրով կամ կատարողականներով։ Ոլորտի խնդիրների սպեցիֆիկ բնույթից և խրթին լեզվից ելնելով՝ սովորաբար չենք ներկայացրել իրավակարգավորումների https://bit.ly/3yVhYs9, միջազգային հարթակներում https://bit.ly/38Iv3KG կամ երկրաբանական հարցերի ուղղությամբ https://bit.ly/38Iv8xY արված աշխատանքները, սակայն այսօր լրացուցիչ այդ ծանրաբեռնվածությունը կրելու համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ փոքրաթիվ և սրտացավ անձնակազմին։
Նախաձեռնությունների արդյունքում ոլորտը դարձել է թափանցիկ ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու (ընդերքօգտագործման պայամանագրերը, ըստ իրավունքների՝ հիմնական տվյալները, հարկային և այլ վճարումները), Հայաստանում առաջին անգամ ներդրվել և տարեցտարի զարգանում է իրական սեփականատերերի հայտարարագրման համակարգը, լրամշակվել են եղած (բնապահպանական), ինչպես նաև նախաձեռնվել են պետբյուջեից համայնքներին կատարվող ֆինանսական մասհանման նոր համակարգեր (ռոյալթի հարկից), մետատվյալների մշակման համար խմբավորվում և վերլուծվում են պետության ունեցած երկրաբանական տվյալները, մշակվել և ներդրվում են ըստ օգտակար հանածոների հրահանգները և մեթոդական ցուցումները, մետաղական հանքերի համար պարտադիր է դարձել ջրի շրջանառու համակարգի կիրառումը, չոր պոչերի տեխնոլոգիյաի կիրառումը, արգելվել է նոր վերընթաց պոչամբարների կառուցումը, հստակեցվել են տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում սանկցիաների կիրառման հիմքերը, Հայաստանը ոչ միայն միացել է միջազգային նոր կառույցներին, այլև արժանացել միջազգային «փորձաքննությունների» արդյունքում արժանացած հնարավոր բարձրագույն գնահատականների՝ որպես օրինակելի երկիր մյուսների համար։