Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

 

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:

Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:

Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով