Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

 

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել ռուսաստանցի իր գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս այցն ի ցույց է դնում հայկական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս խթանելու բարեկամության և եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ դաշնակցային հարաբերությունները:

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն քննարկել են  հայ֊ռուսական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը:

«Ելնում ենք նրանից, որ դաշնակից պետություններն օբյեկտիվորեն շահագրգռված են և փոխադարձ աջակցության սկզբունքներով առաջնորդվելով՝ հանդես են գալիս դաշնակցի հնարավորությունների ավելացման օգտին՝ ինչպես անվտանգության և տնտեսության, այնպես էլ՝ այլ ոլորտներում»,- իր խոսքում նշել է նախարար Արարատ Միրզոյանը: Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական և ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների շրջանակներում երկկողմ օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է․ «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա մեծապես պայմանավորված ​​է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ ստանձնած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ձեռք է բերվել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ: Ավելին, միջազգային իրավունքի խախտմամբ, Ադրբեջանը ձեռնարկում է բացահայտ սադրիչ գործողություններ, որոնք ուղղակի ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից: Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի իշխանությունների՝ շարունակական հայատյաց և ագրեսիվ հռետորաբանությամբ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կատարված աշխատանքներում, կարևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահների հայտարարությունները, որոնցում, մասնավորապես, շեշտվում է սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից զերծ մնալու և հնարավորինս շուտ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման համար:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով