Շիշ բռնողը գողացել է լրագրողի հեռախոսն ու դիմել փախուստի․ «Հրապարակ»

 

«Հրապարակ»-ը գրում է․ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի։ Մեր լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել և փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։ Մեր գործընկերը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են, թե ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ Շիշ բռնող հայտնի անձը, որը գողականների հետ շատ է շփվում, լրագրողների վրա հարձակվելու, նրանց գույքը հափշտակելու հակումներ ունի։ Օրեր առաջ նա ԱԺ-ում խլել էր «Yerevan Today»-ի լրագրողի խոսափողը, մտել իր աշխատասենյակ եւ դուրս չէր գալիս։

ՀԳ Ի դեպ, հեռախոսը վերջին մոդելի այֆոն է եւ բավականին թանկ արժե։ Այնպես որ սա առանձապես խոշոր չափերի գողություն կարելի է դիտել։ Առաջարկում ենք ոստիկանությանը այս հրապարակումը դիտել որպես հանցագործության մասին հաղորդում եւ գործ հարուցել։ Ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել գույքը սեփականատիրոջը վերադարձնելու համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով