ՊԵԿ-ը հայտնաբերել է «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ

Հայտնաբերվել է նաև շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ

 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:

Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ Երևանում, «ՀայՓոստ» ընկերության փոստային բաժանմունքից «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 17 ամյա անչափահաս Մ.Ս-ն:

Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Ինչի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի տարբեր տեղանքներում հայտնաբերվել է  վերջինիս կողմից նախապես տեղադրված շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ, որոնք պետք է  իրացվեին բջջային «Telegram» հավելվածի միջոցով:

Ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մ.Ս-ն Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, որտեղ նույնպես հնարավոր է առկա լինեն թմրամիջոցներ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել է նաև նշված բնակարանը։ Այստեղ ևս հայտնաբերվել են 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված, 16  փաթեթներով փաթեթավորված 40 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի  267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Մ.Ս-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով