Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը. Արմեն Սարգսյանի ուղերձը շրջանավարտներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ.

Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության:

Մի վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր սկիզբ դրվի ձեր այդ նոր երազանքների իրականացմանը: Ինչ ճանապարհ էլ, ինչ մասնագիտություն էլ, որ ընտրեք, ինչ դժվարությունների էլ, որ հանդիպեք, պետք է սիրել Հայրենիքը և նվիրվել նրան: Սիրել ամբողջ սրտով և հոգով, սիրել անվարան և անմնացորդ: Վստահ եմ, որ ձեր ծնողներն ու ուսուցիչները նույնպես առաջին հերթին հենց ա՛յդ դասն են սովորեցրել ձեզ:

Մենք պետք է առաջ նայենք, առաջ շարժվենք ձեզ հետ միասին: Չպետք է ընկրկել փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ որ դրանք անհաղթահարելի թվան:

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք և անհաղթ ենք, երբ հավատում ենք մեր հաղթանակին:

Ձեր շատ տարեկիցներ և ավագներ իրենց գործով ու սխրանքներով վերջին պատերազմում մեկ անգամ ևս ապացուցեցին դա, շատերը՝ իրենց կյանքի գնով: Հավերժ փառք նրանց բոլորին:

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:

Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու պայծառ, խաղաղ ու անվտանգ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերը՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր Հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով