Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար. անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին. ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրքադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկունությունը: Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի գորու չեն խզել մեր և մեր նախնիների կապը, զրկել մեզ հիշողությունից, արժանապատվությունից և իրավունքներից»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում արժանապատիվ կյանքի ու անվտանգության համար:

«Այսօր մեզ հետ այս տարելիցը ոգեկոչում են և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում բազմաթիվ մեր գործընկերներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում: Այդ զորակցությունը մեզ առավել պարտավորեցնում է միջազգային ասպարեզում բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առաջխաղացման օրակարգի առաջ մղման հարցում»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով