Իշխանափոխությունից հետո Հայաստանում նշանակվում է թվով 6-րդ ԱԱԾ տնօրենն այն պարագայում, երբ Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ ԱԱԾ-ն ընդամենը 8 տնօրեն է ունեցել

Իշխանափոխությունից հետո Հայաստանում նշանակվում է թվով 6-րդ ԱԱԾ տնօրենն այն պարագայում, երբ Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ (մինչ իշխանափոխությունը ) ԱԱԾ-ն ընդամենը 8 տնօրեն է ունեցել:Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում գրառւմ է արել  իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը:

Կարծում եմ արդեն կանխատեսելի է, որ այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանը մոտ օրերս նշանակվելու է թավշյա Հայաստանի ԱԱԾ թվով 6-րդ տնօրենը, որովհետև ՔԿ նախագահի տեղակալի բատուտային հաստիքն այլ ուղությամբ չի աշխատում, բայց, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Կառավարական տանը հանգրվանած իրավաբանները կամայականորեն են մեկնաբանում ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը։

 

Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույն օրենքի 6.1-րդ մասի համաձայն նույն պաշտոնում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Ըստ էության, Անդրանիկ Սիմոնյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է հենց 6.1-րդ մասի հիմքով, քանի որ մինչ այդ պաշտոնի նշանակումը նա 3 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Բայց այստեղ կա մի կարևոր բայց․ Օրենքի 19-րդ հոդվածն ԱԱԾ տնօրենի տեղակալի համար հստակ սահմանում է կոչում ունենալու պարտադիրության պահանջ, որն այս պարագայում գնդապետի կոչումն է։
Այո՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն, ըստ կառավարության որոշման, համապատասխան է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին, սակայն Սիմոնյանին չի շնորվել որևէ կոչում, ինչն անհնարին է դարձնում նրան այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը։
Եթե Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, որպեսզի ձևական առումով հնարավոր դառնար վերջինիս ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակման հանգամանքը, ապա Սիմոնյանը Քննչական կոմիտեում պետք է ստանար այնպիսի կոչում, որը կառավարության որոշման իմաստով հավասարազոր կլիներ ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանը։
Ավելորդ չէ շեշտադրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է կամայականության արգելքն, ինչը ենթադրում է, որ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Եթե ուսումնասիրելու լինենք «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության պրակտիկան, ապա կտեսնենք, որ գնդապետի կոչման պարտադիրության նորմը մեկնաբանվել է հստակ և որոշակի, և այդպիսի կոչման առկայությունը պարտադիր է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար։
Կոչման պարտադիրության տրամաբանությունն ընկած է նաև ռազմականացված մարմիններում պաշտոնավարման և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների իրավական տրամաբանության հիմքում։
Վերոգրյալը փաստում է, որ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ, ինչն էլ իր հերթին նշանակում է որ նրան ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելը նույնպես լինելու է օրենքի խախտմամբ, քանի որ ի տարբերություն նախորդ նշանակման, այս նշանակման համար որպես պարտադիր պահանջ կիրառվել է նախկինում ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնելու չափանիշը։
Չմոռանանք, որ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման զբաղեցրած պաշտոնից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով