Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանները. Իգոր Պոպովի պատասխանը՝ Փաշինյանի հոդվածին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել ԼՂ 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին նշել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագախ, Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար ԻգորՊոպովը՝ պատասխանելով  Նիկոլ Փաշինյանի՝ «44 օրյա պատերազմի ակունքները» վերնագրով  հոդվածի  վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։

Հիշեցնենք՝ Փաշինյանը նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային:

«Ռուսական առաջարկների մասին խոսելիս, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման առաջարկը, որը կողմերին է փոխանցվել 2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ։ Ըստ այդ պլանի, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, առաջին փուլում Ադրբեջանին պետք է վերադարձվեր հինգ շրջանները, իսկ երկրորդում ՝ մնացած երկուսը։ Ընդ որում, ընդգծեմ դա հատուկ ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման կոնտեքստում։ Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող մյուս դրույթների թվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալով կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոպովը։
Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները հենց այդ նպատակն ունեին, ասել է Պոպովն ու մեջբերել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է լիներ համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով՝ կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։ Այն պետք է արտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը եւ ունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»։

Պոպովը նշել է նաև, որ Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում ՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին։

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագախն ասել է, որ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ կանոնավոր կերպով ընթացող բանակցություններն էին, ընդհուպ մինչև 2018 թվականը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով