«Կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն»․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Իրենց ուսերին տանելով պատերազմի մեծ բաժինը, երկրապահ կամավորականները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ Հաղթական փառքով պսակեցին 90-ականների պարտադրված այդ պատերազմը` ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրելով ամբողջ Արցախ աշխարհը:

Ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին:

Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում եւ չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք եւ չսկսենք համախմբված ու միասնական գործել:

Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ: Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն:

Եթե տրվենք քաղաքական սադրանքների մենք ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնենք:

Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք: Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին, Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին: Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է:

«Տաճարի սյունը, որքան էլ կարծր ու սրբաշատ լինի, առանց ամուր հիմքի չի կարող գմբեթ պահել իր վրա…»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Եկեք դառնանք մեր պետության ամուր հիմքերն ու հենասյունը: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել:

Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Փա՛ռք Արցախի Հանրապետությանը, Փա՛ռք սփյուռքահայությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով