Ո՞ւր է Լիլիթի ու Մարիայի «բարի» թուրքերի ձայնը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

 

Ամռանը ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հանրային քննարկման շրջանակներում պարզվեց, որ «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, որը 2018 թ. իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ի ղեկավարության դեմ իրականացրել էր «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը, իսկ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» միջոցով տևական շրջան ակտիվորեն մասնակցել է ԵՄ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրին, որի շրջանակներում Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամից (թուրք.՝ Tarih Vakfı) ստացած դրամաշնորհով և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) (“Imagine Center for Conflict Transformation” (USA), ՀՀ-ում կենտրոնի գործունեությունը համակարգել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը) հետ համատեղ իրականացրել է ընդգրկուն ծրագրերի շարք (այդ մասին առավել մանրամասն՝ ստորև):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կարապետյանն ու նրանց թուրք գործընկերները, ինչպես նշված է ԵՄ-ի աջակցությամբ տրամադրված՝ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի նկարագրությունում, նպատակ են ունեցել մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա՝ պատմության դասագրքերի թշնամական կերպարներին: Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 €), նպատակ է հետապնդվել մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և “Alternative History Education Modules for Armenia and Turkey” («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):

Ի պատասխան հայ պատմաբանների մեղադրանքների՝ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը հայտարարեցին, որ այն թուրքերը, որոնց հետ իրենք մշակել են այլընտրանքային չափորոշիչներ, բարի և առաջադեմ թուրքեր են, անվերապահորեն ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, այցելել են Ծիծեռնակաբերդ, ոմանք նաև իրենց առաջադեմ հայացքների համար անգամ հալածվել են թուրքական իշխանությունների կողմից և այլն, և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե մի պահ հավատանք իր ստախոսություններով, դեմքը փրկելուն ուղղված ամոթալի քայլերով ու մանիպուլյացիոն վարքագծով հայտնի Լիլիթ Մկրտչյանին ու նրա «բարի», «առաջադեմ» թուրքերի գոյությանն ու գործունեությանը, ապա այժմ, երբ Թուրքիայի ամենաուղղակի և ակտիվ ներգրավվածությամբ արցախյան ճակատում ընթանում են ակնհայտ ցեղասպանական, արցախահայությանը բնաջնջելուն միտված նոր ռազմական գործողություններ, հարկ էր, որ լսվեր այդ թուրքերի ձայնը:

Եվ իսկապես՝ ո՞ւր են կորել այս օրերին Լիլիթի, Մարիայի, Խառատյան ընտանիքի, Հարություն Մարությանի ու գաղափարակիցների «բարի», «առաջադեմ» ու «խաղաղասեր» թուրք մտերիմները, գործիչներ, որոնց հետ տարիներ շարունակ հայկական այս շրջանակներն իրականացրել են խաղաղասիրական ու անցյալի փոխակերպման, այն է՝ Հայոց ցեղասպանության իրողությունը պահանջատիրությունից սոսկ հիշողության վերածելուն ուղղված և այլ թուրքահաճո ծրագրեր: Այդ շրջանակներին հիշեցնենք՝ Արցախում պատերազմ է ընթանում, հետխորհրդային շրջանի ամենադաժան պատերազմներից մեկը, զինտեխնիկայի տեսակների ու քանակի կիրառման առումով նախադեպը չունեցող պատերազմ: Եվ եթե, իսկապես, այդ «հայասեր» թուրքերի նպատակը խաղաղասիրությունն ու համակեցությունն է, պետք է այժմ Թուրքիայից լսվեին Ռ. Էրդողանին ու նրա ադրբեջանական մանկլավիկին ուղղված դատապարտող կոչեր, գոնե՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին խաղաղասիրական հայտարարություններ, էլ չասենք՝ ակցիաներ, երթեր, կլոր սեղաններ ու այլևայլ միջոցառումներ:

Ցավոք, հայ ժողովրդի համար այս օրհասական օրերին չկան ո՛չ Լիլիթի ու Մարիայի «բարի» թուրքերը, ո՛չ էլ նրանց «խաղաղասիրական» ու դատապարտող ճառերը: Փոխարենը կա թուրքերի հետ ամոթալի սիրախաղերի մեջ մտած և հայոց պահանջատիրության, հայ դպրոցի, հայ սերնդի և հայկական արժեքների դեմ դավադիր ծրագրեր իրականացնող հայկական շրջանակ, և կա Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ մեն-մենակ մարտնչող հայկական բանակ:

Իսկ թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքի՝ Արցախի ու ՀՀ-ի դեմ ամենակատաղի կերպով և ամենատարբեր մեթոդներով, իսկ արդի փուլում՝ ռազմական ճանապարհով իրականացվող հայաջինջ քաղաքականության պայմաններում Հայաստանում և հայ նոր սերնդի շրջանում համակեցությանը, թշնամու կերպարների, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որպես ահաբեկչական պետությունների, փոխակերպմանն ուղղված ծրագրերի իրականացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ազգային դավաճանություն:

Վահե Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով