Եվ Ի՞նչ ենք ակնկալում այս ամենից հետո մենք ՀԱՊԿ-ից.Վահան Բաբայան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանին և Բաքվին կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարը, զերծ մնալով որևէ կողմին դատապարտող կոշտ գնահատական տալուց: Սա բնականաբար չարդարացրեց Հայաստանի բնակչության ակնկալիքները: Սակայն եկեք վերհիշենք, թե ինչ մոտեցում է ցույց տվել ՀՀ «թավշյա» կառավարությունն իր իշխանության գալուց հետո ՀԱՊԿ-ի նկատմամբ:

2017-ի ապրիլի 14-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը ներկայացնող գեներալ Յուրի Գրիգորի Խաչատուրովը:
«Հեղափոխությունից» հետո Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով: Նրա անունը Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց կողմից նաև կապվում էր Ապրիլյան պատերազմում «պարտվելու» և բանակում չարաշահումներ անելու հետ: ՀԱՊԿ-ի ղեկավարին դարձրեցին մեղադրյալ:
Մեկնարկեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը:
Նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց և 2018-ի օգոստոսի սկզբից մինչ այսօր գտնվում է ազատության մեջ, սակայն համաձայն սահմանված կարգի՝ նա որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նա ոչ միայն որպես անձ կորցրեց իր պաշտոնը, այլև ՀՀ-ն կորցրեց իր ներկացացուցչի պաշտոնավարումը՝ այն հանձնելով օտար պետության ներկայացուցչի:
ՀՀ վարչապետը քաջ գիտակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի արժեքը, այն, որ նման սկանդալը կսասանի ՀԱՊԿ համակարգում Հայաստանի դիրքերը, կվնասի պետական շահին և կհարվածի նաև այդ միջազգային կառույցի վարկին, սակայն դա հետ չպահեց նրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019-ի մայիսի վերջին Ազգային ժողովում ստեղծվեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով:
Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների այդ քննիչ հանձնաժողով հրավիրվեց նաև Յուրի Խաչատուրովը, ով 2016-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն էր: Նա հրաժարվեց ներկայանալ և պատասխանել հարցերին: Սակայն առանց դա էլ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը ավարտեց իր աշխատանքները և ամբողջովին հերքեց Յուրի Խաչատուրովի «բիլիարդ խաղալու» և բացթողումների մասին բամբասանքները:

Եվ ի՞նչ ունենք մենք այս ամենի արդյունքում՝ ՀԱՊԿ-ի կազմում զիջած դիրքեր, կորցրած ՀԱՊԿ նախագահի պաշտոն, հասցված վնաս ՀԱՊԿ հեղինակությանը:
Եվ Ի՞նչ ենք ակնկալում այս ամենից հետո մենք ՀԱՊԿ-ից:
Հարկ է նշել նաև, որ «թավշյա» հեղափոխությունից հետո սա միակ միջազգային կազամակերպությունը չէ, որտեղ մենք դիրքեր ենք զիջել և թուլացրել մեր դիվանագիտական կապերն ու հեղինակությունը:
Հարկ է, որ հետևություններ անենք և հասկանանք, որ ներքին թշնամիներ, թալանչիներ փնտրելու փոխարեն պետք է, որ պետությունը զբաղվի արտաքին դիվանագիտական ազեցության հզորացմամբ:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով