Մեր հայրենիքը և հայ ժողովուրդը ավելիին է արժանի

Այսօր կարող ենք արձանագրել, որ 2018 թվականին մեծ պաթոսով հայտարարված «թավշյա և ոչ բռնի» հեղափոխությունը, որն իրականում ավելի շատ իշխանազավթում էր հիշեցնում, ամբողջովին տապալված է: Հայաստանի ապագան այսօր պայմանավորված է երեք հիմնական հենքերի առկայությամբ, որոնք, ցավոք, գոյություն չունեն օրվա իշխանության դիլետանտության և արկածախնդրության պատճառով:

Ազգային միասնություն և համերաշխություն: Սա հայ ժողովրդի հարատևման բանալին է, որը դարեր շարունակ փրկել է մեզ ոչնչանալուց: Այսօր Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի միավորում և չի համախմբում ժողովրդին, այլ անում է ամեն ինչ հանրությանը հակառակ ճամբարների բաժանելու համար, ինչը գուցե և հեշտացնում է պետությունը վերահսկելու գործընթացը, սակայն Հայաստանի պարագայում անընդունելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս դժվար ժամանակներում, երբ Հայաստանին խիստ անհրաժեշտ է ներքին համերաշխություն, օրվա իշխանությունը միայն անդադար պիտակավորում է իրեն արդարացիորեն քննադատողներին: Հասնում է նույնիսկ այնպիսի ծայրահեղության, որ քննադատողներին անվանում են թուրք կան ադրբեջանցի:

Արձանագրենք, որ եթե մինչև 2018 թվականը մենք ունեցել ենք համախմբող արժեքներ՝ Արցախը, մեր ազգային ինքնությունը, ընտանիքը և այլն, ապա վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունն արեց ամեն ինչ այս արժեքները արժեզրկելու և քաղաքական կեղծ օրակարգին ստորադասելու համար: Տնտեսական կայունություն և զարգացում: Ավելորդ է նշել, որ այսօր ցավոք չենք կարող խոսել տնտեսական զարգացման մասին: Սա պայմանավորված է նաև օբյեկտիվ պայմաններով՝ կորոնավիրուսի համավարակով: Սակայն կորոնավիրուսի շրջանը նախորդող մեկ ու կես տարիների ընթացքում մենք չտեսանք ոչ խոստացած աննախադեպ տնտեսական աճ, ոչ էլ ներդրումների տեղատարափ:

Այդպիսով, չենք ունեցել նաև զարգացում: Արտաքին աշխարհի գործընթացների շրջանակներում մեր դիվանագիտական ներգրավումը: Այսօր Հայաստանը ցավոք վատացրել է իր հարաբերությունները գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Մենք վարում ենք անհասկանալի և անկռահելի արտաքին քաղաքականություն, ինչը անընդունելի է դիվանագիտական շրջանակներում: Ոչ ոք չի ցանկանում համագործակցել հախուռն արտաքին քաղաքականություն վարող երկրների հետ, քանի որ հասկանալի չէ, թե ինչ կարելի է սպասել դրանցից: Օրվա իշխանությունը սպառել է իրեն նաև Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների հարցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ այսօր միակ համապետական ինստիտուտը, որն անխափան աշխատում է, դա բանակն է: Այսօր հայ ժողովուրդը կարող է ապավինել միայն բանակին: Այստեղ հարկ ենք համարում նշել նաև, որ Հայոց փառապանձ բանակը ստեղծվել, կազմավորվել և զարգացել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ և իր ղեկավարության ներքո: Այսօր Հայոց բանակը լիարժեք կատարում է իր առջև դրված ռազմական խնդիրները հենց այն զենքով, որը ոմանք ոչ այնքան վաղ անցյալում անվանում էին «մետաղի ջարդոն» և «ամոթալի էջ»: Այսօր բոլոր այդ մարդիկ պետք է ամաչեն իրենց խոսքերի համար:

Փաստենք, որ Հայոց բանակի այսօրվա մարտունակության փառքը ոչ մի կապ չունի օրվա իշխանության հետ: Այն ելակն էլ ձեզ պահեք, դրանով բանակի մարտունակությունը չեն բարձրացնում:

Այսօր Փաշինյանի կողմից մեծ պաթսով հրապարակված Սու-30ՍՄ–ների մարտական հերթապահություն իրականացնելու լուսանկարներն իրականում խոսում են այն մասին, որ ժամանակին Հայաստանի Հանրապետությունը սպառազինություն ձեռք բերելու մասին ճիշտ պայմանագրեր է կնքել, և այդ պայմանագրերը ոչ մի կապ չունեն օրվա իշխանության հետ: Հեղափոխությունների ժամանակն անցել է, հեղափոխությունը դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Դիլետանտների, ավանտյուրիստների և պոպուլիստների օրերն ավարտված են:

Փաշինյանը կարող էր խոհեմություն ցուցաբերել, կարող էր համախմբել, կոնսուլտացիաներ սկսել, կարծիք հարցնել: Բայց նա գերադասեց ամբարտավան դիրք ընդունել և այդպիսով տապալեց ամեն ինչ: Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է փոխարինվի պրոֆեսիոնալ և ուժեղ ազգային Կառավարությունով, որը կկարողանա Հայաստանը դուրս բերել այս փակուղուց: Մեզ պետք են սահուն իրականացվող բարեփոխումներ, որոնք թույլ կտան անցնցում անցնել զարգացման ճանապարհը:

 

                                                                                                      Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով