Կառավարությունն առաջարկում է բարձրացնել գույքահարկը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է: Գործող օրենքի հիմնական խնդիրը նրանում է, որ գույքային հարկերի հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, շեղված է շուկայական արժեքներից, այն իմաստով, որ խիստ թերագնահատված է»,- ասաց հարցի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծի ընդունման և կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ` ապահովելով պետության` վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը: Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը:

Գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջանակներում ուսումնասիրվել և վերլուծվել են Հայաստանի Հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները: Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների մինչև հինգ տարբերակներ: Կատարված վերլուծությունների և քննարկումների արդյունքում կայացված որոշումների հիման վրա մշակված նախագծով առաջարկվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1) կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Ընդ որում, հիշյալ համակարգային փոփոխության շրջանակում նախատեսվում է սահմանել նաև, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի` որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը,

2) սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր,

3) վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը` բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը,

4) հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով