Նախկին վարչապետները դատարանում երաշխավորություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետներն այսօր դատարանում վերահաստատեցին նախապես ներկայացրած իրենց դիմումներում նշված դիրքորոշումը, համաձայն որի՝ պատրաստ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դեպքում երաշխավորել վերջինի պատշաճ վարքագիծը և մասնակցությունը դատական գործընթացներին:

Հիշեցնենք, որ մինչև վարչապետների՝ դատական նիստերի դահլիճ մտնելը, Հայկ Ալումյանը դատարանում ներկայացրել էր դիմումներից մեկը:

«Հարգելի դատարան,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտակցելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը և միջազգային հանրության ուշադրությունը, կարևորելով, որ գործի բացահայտումը պետք  է կատարվի բացառապես իրավական ճանապարհով արդար դատաքննության իրականացման միջոցով, հաշվի առնելով Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդն Արցախյան պատերազմում և հայ բանակաշինության մեջ, ինչպես նաև հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները, երաշխավորում եմ, որ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանարպետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով արգելված արարք: Երաշխավորում եմ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայությունը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը: Ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով:

Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստ եմ իրականացնել ՔԴՕ-ով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը երաշխավորներին տեղեկացրեց, որ յուրաքանչյուրը պարտավորվում է դատարանի՝ միջնորդությունը բավարարելու որոշումը կայացնելուց հետո երկու օրվա ընթացքում վճարել 500.000 դրամ, նախազգուշացրեց իրենց պարտավորությունների մասին: Պարտավորությունների և նախազգուշացման մասին արձանագրությունը ստորագրելուց հետո դատարանը հայտնեց, որ երաշխավորների ներկայությունը դատարանում այլևս անհրաժեշտ չէ, ինչից հետո նախկին վարչապետները հեռացան դատարանից:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով