Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

Կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թ. մայիսի 26-ին, Նոր Բայազեթում (Գավառ): Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրել գավառական թատրոնում: Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան, նա սովորել է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ է եղել, ապա ընդունվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական ստուդիա: 10 տարի անց ընդունվել է Մոսկվայի համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժին: 1941-52թթ եղել է սկզբում Ադրբեջանի, ապա` Երևանի դրամատիկական թատրոնի դերասան: 1959-64թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում: 1966-69թթ եղել է ՀԽՍՀ Կինեմատոգրաֆների միության առաջին քարտուղարը, 1986թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Կինոաշխարհում դրսևորվել է որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկարահանել է մի շարք կինոնկարներ` «Առավոոտյան գնացքներ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին» և այլն:

1966-ին Ֆրունզե Դովլաթյանը էկրան է բարձրացրել «Բարև, ես եմ» ֆիլմը, որ շրջադարձային կետ էր հայկական կինոյի պատմության մեջ և արդիական թեմատիկայի յուրացման նոր քայլ: Այդ կինոնկարը հաջողությամբ ցուցադրվել է Խորհրդային Միությունում և արտասահմանում, ցուցադրվել է նաև Կաննի միջազգային փառատոնում:

«Բարև, ես եմ» -ի գլխավոր դերակատար Արմեն Ջիգարխանյանը այսպես է արտահայտվել նրա մասին. «Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սարոյան եղբայրներ» ֆիլմի անդրանիկ ցուցադրումը Ֆրունզե Դովլաթյանի խնդրանքով տեղի ունեցավ նրա հայրենի քաղաք Կամոյում (այժմ` Գավառ):
Ինչպես վկայում է լրագրող Վանիկ Սանթրյանը` նորբայազետցիները ջերմորեն ընդունեցին ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվին` սցենարի հեղինակ Գուրգեն Բարոյանին, դերակատարներ Խորեն Աբրահամյանին, Գորգեն Ջանիբեկյանին, Բաբկեն Ներսիսյանին:

1966թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Մահացել է 1997 թ. օգոստոս 30-ին, Երևանում:

ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ 2007 թվականը հայտարարվել է դովլաթյանական տարի և հոբելյանը նշանավորվել է կինոռեժիսորի անունով փողոցի անվանակոչմամբ, «Ֆրունզե Դովլաթյան» մենագրության հրատարակմամբ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնում նրա արվեստին անդրադարձով և այլ միջոցառումներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով