Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի վիճակը լավ չէ․ Արմեն Ղազարյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվարին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ Վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն՝ հայտնել է «Ա1+»-ը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը  գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին, Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2019 թվականի օգոստոսի 12-ին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 15-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զառա Ամատունին հավելել է, որ նրանց վիճակի մասին տեղեկություններ չի կարող փոխանցել, նրանց հետ զրույցների եւ մտահոգությունների մասին տեղեկացնում են  իշխանություններին և ընտանիքներին, բայց ոչ հանրությանը։

Հարցին՝ ինչո՞ւ  «Կարմիր խաչի» ներկայացուցիչները   փետրվարից հետո չեն այցելել, Ամատունին որպես   առաջին պատճառ նշել է կորոնավիրուսը։

«Բացի դրանից, ցանկացած հանդիպում մենք կարող ենք կատարել միայն իշխանությունների համաձայնությամբ: Դա նրա համար չեմ ասում, որ թույլ են տալիս կամ ոչ։ Բայց կազմակերպությունը չի կարող ամեն պահի ցանկանալ «դուռը բացել» և մտնել ցանկացած տեղ։ Մուտք գործելը պայմանավորված է փոխադարձ համաձայնությամբ»,- պարզաբանել է  նա՝ դժվարանալով  նշել, թե հաջորդ անգամ երբ են այցելելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վիճակի վերաբերյալ տեղեկությունների համար «Ա1+»-ը նաև կապ է հաստատել պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։ Նա ասել է, թե իրավունք չունի   տեղեկություն փոխանցել, ավելացնելով, որ «Կարմիր խաչը» մանրամասները չի հանրայնացնում, թերեւս   գերիների վերադարձի գործընթացին  չվնասելու համար։

Արցախի  Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը նույնպես չի կարողացել տեղեկություններ փոխանցել մեր հայրենակիցների վերաբերյալ։

Բերդավանցի Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի խոսքերով՝ որդու վիճակը լավ չէ։

««Կարմիր խաչից» մեզ փոխանցել են, որ իր վիճակը լավ չէ։ Ինքն առողջական խնդիրներ ունի։ Ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում։ Բանտախցից դուրս չի գալիս թույլատրելի ժամին, ուտելը վատ է»,- ասել է  Կարեն Ղազարյանի հայրը։

Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ որդին նախկինում էլ հոգեկան խնդիրներ ունեցել է, հիմա վիճակն ավելի է սրվել, դեղորայք չի ընդունում, առողջականը լավ չէ։ Հարցին՝ ետ վերադարձնելու համար ի՞նչ քայլեր են արվում, պատասխանեց, որ տեղյակ չէ, իրենց ոչինչ չեն ասում։

«Այստեղ դեղորայք էր ընդունում, տալիս էինք, այստեղ նորմալ էր, հիմա որ չի ընդունում, փաստորեն վիճակը սրվել է»,- ասել է Արմեն Ղազարյանը։ Հարցին՝ վերջին անգամ իշխանություններն ի՞նչ են ասել որդու ճակատագրի վերաբերյալ, պատասխանել է․ «Դե ասել են, որ «կվերադարձնենք»»։

Նշենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքով 2019 թ.  փետրվարի 27-ին դատապարտել էր  20 տարվա ազատազրկման, իսկ ԱՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը 2015 թվականիի մայիսի 5-ին՝ 15 տարվա ազատազրկման, նույնպես շինծու մեղադրանքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով