Փաշինյանը Թոմ Հենքսից «լավ» տղա է

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը հասնում է գրեթե աղետալի չափերի: Վաշինգտոնից հայտնում են, որ եվրոպական երկրներից ժամանումները դադարեցվել են մեկ ամսով, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես շեշտելով, որ առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է կորոնավիրուսի դեպքերի, մահերի և տուժած երկրների թվի աճ… Իսկ Հայաստանում մոլեգնում է անօրինական հանրաքվեին ԱՅՈ ասելու քարոզարշավը:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր լրագրողը առանց վախենալու շրջում է հանրապետության տարբեր քաղաքներով և գյուղերով, մարդկանց ձեռքեր է սեղմում, մտնում խանութներ և շարունակաբար պնդում, որ կորոնավիրուսը գրիպի նման վիրուս է, պետք չէ խուճապի մատնվել: Խիզախ անձնավորություն է, ինչ խոսք… Սակայն այսպիսի վարքագծի հետ կապված առաջանում են բազմաթիվ հարցեր: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նա ստիպված է շրջել թիկնազորով և զրահապատ մեքենայով, քանի որ Պետական պահպանության ծառայությունը օրենքով սահմանված կարգով իրեն պարտադրում է դա անել իր անվտանգության համար: Իսկ նույն ՊՊԾ-ն տեղյակ չէ, որ Հայաստանում արդեն կան կորոնավիրուսի տասնյակ հաստատված դեպքեր և ուստի վարչապետի անվտանգությունից բխում է, որ նա պետք է հնարավորինս քիչ դռնեդուռ ընկնի և կոնտակտի մեջ մտնի տարբեր մարդկանց հետ: Թե Փաշինյանի իշխանության օրոք սա էլ է քմահաճույքի հարց՝ երբ վարչապետին հարմար է՝ նա ենթարկվում է օրենքի պահանջին, իսկ երբ հարմար չէ՝ առհամարհում է այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ ոչ մի երկրում վարակի տարածումը մեկ դեպքով չի սահմանափակվել, ուստի տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը նույնպես չի կարողանալու խուսափել իրավիճակի սրացումից: Ամեն օր հրապարակվում են տեղեկություններ տարբեր երկրների դիվանագետների, պետական այլ ծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին: Նույնիսկ հանրահայտ դերասան Թոմ Հենքսը մարտի 11-ին հայտարարել է, որ նա և իր կինե անցել են ստուգում և պատասխանը դրական է եղել՝ երկուսի մոտ էլ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բայց օրվա իշխանությունը անհասկանալի շարժառիթներից ելնելով օրեր շարունակ համառորեն շարունակում է համոզել հանրությանը, որ ոչ մի վտանգ չկա: Նույնիսկ այն պարագայում, որ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում մահվան ելքով դեպքերի քանակը օրեցօր աճում է, մեզ դարձյալ համոզում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Իսկ պատկերացրեք, ինչ կլինի, եթե հանկարծ, Աստված մի՛ արասցե, Հայաստանում նույնպես գրանցվեն մահվան ելքով դեպքեր:

Հայտնի է, որ վարակը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում տարեցների համար: Հայտնի է նաև, որ Հայաստանում, ցավոք, տարեցները ամենախոցելի խմբերից մեկն են: Ինչի՞ն են սպասում Հայաստանի իշխանությունները:

Մի՞թե իշխանավորների շրջանում կա համոզմունք, որ ճշմարտությունը թաքցնելով պիտի կարողանան խուսափել վտանգից: Իրականում համաշխարհային փարձե ցույց է տալիս, որ հենց տեղեկությունների բացակայությունն է հանգեցնում խուճապի: Շատ երկրներում պետական ատյաններն արդեն հրապարակել են հնարավոր կարանտինի դեպքում անհրաժեշտ պարենի ցուցակներ, որոնցով քաղաքացիները պիտի առաջնորդվեն, որպեսզի չստեղծվի պարենային կոլապս: Բայց ոչ Հայաստանում: Մերն ուրիշ է… Որքանո՞վ է այսպիսի դիրքորոշումը արդարացված Հայաստանի նման փոքր երկրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞ւ են օրվա իշխանություններն ընտրել այսպիսի քաղաքականություն, ըստ էության առջի ծառայություն մատուցելով ազգաբնակչությանը: Արդյո՞ք պիտի հավատանք, որ Հայաստանում դեռ չկան մահվան ելքով դեպքեր: Այս հարցերի շարքը անվերջ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հավանաբար համոզված է, որ նա Թոմ Հենքսից «լավ» տղա է…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով