«Պետք է հասկանան, որ սա անօգուտ սահմանափակում է, որևէ ձևով չեն կարող հիմնավորել սրա օգուտը». Էդմոն Մարուքյան

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների կողմից ամենասկզբում անլուրջ վերաբերմունք է եղել, փոխարենը՝ այսօր իրավիճակին լուրջ են վերաբերվում և լուրջ քայլեր իրականացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թե՛ արտակարգ դրություն հայտարարելը ճիշտ էր, սա մեր առաջարկն է եղել, թե՛ 7-օրյա կարանտինը հայտարարելը: Պարետի հետ անընդհատ կապի մեջ ենք, քաղաքացիների բազմաթիվ առաջարկներ մենք ուղարկում ենք պարետատուն, որպեսզի դրանով զբաղվեն, և զբաղվում են: Օրինակ՝ ոստիկանները մարդուն փողոցում տեսնելով՝ նախ պետք է հորդորեն, որպեսզի նա գնա տուն, այլ ոչ թե միանգամից տուգանեն՝ վարչական արձանագրություն կազմեն, հույս ունեմ, որ սա հետո չի դառնալու վարչական տուգանք: Այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, չեմ կարծում, որ հիմա մի հատ էլ քաղաքացիներին պետք է տուգանեն: 3 հազարից ավելի  անձանց նկատմամբ արդեն կազմվել է վարչական արձանագրություն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Պետք է հասկանան, որ սա անօգուտ սահմանափակում է, և որևէ ձևով չեն կարող հիմնավորել սրա օգուտը: Օգուտ կարող էր տալ, եթե մենք ունենայինք հիվանդ համար մեկ, երկու և այլն, հիմա վարակվածների թիվն այնքան մեծ է, և մարզային տարածվածությունը, որ այս միջոցառումն անիմաստ է, բանը բանից անցած ժամանակահատվածում է, հիմա ընդունում ենք, որ ի՞նչ անենք»,- շեշտեց նա:

Նա նաև դժգոհեց, որ իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունը սոցիալական փաթեթներ կազմելիս աշխատում է ինքն իր հետ, դրանց քննարկմանը հրավիրվում են միայն «Իմ քայլի» պատգամավորները, ստացվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն և որևէ մեկի կարիքը չունեն, մինչդեռ կարելի էր ավելի ներառական լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով