Մարուքյանն առաջարկում է հերթական նիստեր չանցկացնել, մնալ տանը, ԱԺ նախագահը դեմ է՝ կյանքը շարունակվում է

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց այսօր քվորում չապահովել և նիստեր չանցկացնել, քանի որ երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում պատգամավորներն իրենց օրինակով պետք է ցույց տան՝ պետք է տանը մնալ:

«130 հոգով  այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ կանչելով՝  վատ օրինակ ենք ծառայում՝ մանավանդ վարչապետի՝ երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ քվորում չապահովել և նիստերը չանել, առավելևս, որ  հրատապ նախագծեր օրակարգում չկան»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ աշխարհի բոլոր խորհրդարաններն  այս օրերին աշխատում են միայն այն ժամանակ, երբ  պետք է քննարկեն արտակարգ դրությանն առնչվող կամ տնտեսությունը փրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարուքյանի՝ քվորում չապահովելու և նիստերը չանցկացնելու առաջարկին դեմ էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Եթե հանդես կգաք այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ, այն մենք պարտավոր ենք քննարկել, իսկ այս պահին այդ ռեժիմով չենք կարող աշխատել, քանի որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս: Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ մենք մեր օրինակով պետք է ոչ թե՝ նստենք տանը, այլ՝ շարունակենք մեր աշխատանքները»,- ասաց  ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ ԱԺ հանձնաժողովներն առավելագույնն են արել, որ ԱԺ հերթական նստաշրջանի    օրակարգում ընդգրկվեն միայն առաջնային հարցերը:

Ըստ Միրզոյանի՝ մյուս կողմից, քանի որ չգիտեն, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի՝ մեկ ամսի՞ց, թե՞ կերկարաձգվի ևս մի քանի ամիս, ապա պետք է շարունակել աշխատել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ Մարուքյանն ասաց, որ իրենց խմբակցությունն օրենսդրական նախաձեռնության կարիք այս հարցում չի տեսնում, իր խոսքը վերաբերում էր   միայն քաղաքական պայմանավորվածությանը:

«Մենք մի կողմից՝ մարդկանց ասում ենք՝ մնացեք տանը, մյուս կողմից՝ բոլորս գալիս ենք գործի՝ առանց դիմակների,  մենք բոլորս նույն ամբիոնից խոսում ենք, նույն դռների բռնակներին ձեռք ենք տալիս, չենք պահպանում սոցիալական հեռավորությունը: Մենք լավ օրինակ չենք ծառայում մեր քաղաքացիներին»,- ասաց  Մարուքյանը, ինչին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը կրկնեց՝ չի կարծում, որ պետք է չաշխատել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով