Կորոնավիրուսը հասավ Հայաստան․ Փաշինյանը հաստատել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է տեղեկատվություն, որում ասվում է․

Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով։

Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն եւ տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն եւ նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։

Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։

Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։

Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով