Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթում կատարվել են լրացումներ, որոնց անվերապահ համաձայնել չենք կարող: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մտքերի փոխանակության ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով նաև, թե խմբակցությունը գնահատում է Կառավարության արագ արձագանքը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, բայց, օրինակ՝ հղի կնոջը վարակելու դեպքին անդրադառնանք, այդ պահին ո՞նց ենք ճշտում՝ հղի կնո՞ջ ենք վարակում, թե ոչ: Պետք է կարևորել մի բան՝ մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել նրա դիտավորությունից. վտանգավորությունը դիտավորության մեջ է, որ մարդը հաստատապես իմանա՝ ում ինչ վնաս է պատճառոմ, իսկ այս դեպքում ստացվում է՝ մարդը կարող է ոչ դիտավորյալ, բայց վարակել հղի կնոջը: Դնել ասել՝ հղի կնոջը վարակել ես, երբ դու բացարձակապես չունես և չէիր կարող ունենալ տեղեկություն նրա հղիության վիճակի մասին, և դրա համար տանել մարդուն խիստ պատասխանատվության ենթարկել, չի բխում արդարության սկզբունքից»,-նկատեց Պետրոսյանը:
Պատգամավորը նշեց, թե որոշակի նկատառումներ ունեն նաև տուգանքի չափի վերաբերյալ. «Այսօր մենք պետք է հաշվի առնենք մեր բնակչության մեծամասնության վիճակը. որևէ մեկը «լեն օրից» չի վարակվի, որ գնա մի հատ էլ ուզենա ուրիշին վարակել ու դրա համար պատասխանատվություն կրել»,-ասաց նա:
Վերջինս հայտարարեց, որ այնուամենաայնիվ, «Բարգավաճ Հայաստանը» դրական տրամադրվածություն ունի նախագծի նկատմամբ, հատկապես որ հաշվի են առնվել խմբակցության առաջարկությունները:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: