Անձինք պետք է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով, հակառակ դեպքում՝ քրեական պատասխանատվության առաջացման համար հիմք չի լինի․ Տարոն Սիմոնյան

Մեր առաջարկություններից շատերն ընդունվեցին, բայց կան խնդիրներ, որոնք բաց են մնում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթին:

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը հիմնականում վերաբերում է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոններին: «Մեր անհամաձայնությունը Կառավարության հետ այն է, որ վերջինս կարծում է, թե այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն, և հղում է կատարում Կառավարության որոշմանը, մինչդեռ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ անձի հիմնարար իրավունքները սահմանափակող ցանկացած կանոն կարող է սահմանվի բացառապես օրենքով»,-ասաց նա՝ նշելով, թե դա ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ՄԻԵԴ պահանջն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիմոնյանը նկատեց՝ Կառավարությունը կարող է այդ օրենքով սահմանված կանոնների որոշ շրջանակներ արտակարգ դրության պայմաններով առանձնացնել և կիրառել:

«Ավելին՝ եթե այդպիսի կանոններ կան, անձինք պետք է կոնկրետ կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով: Եթե այդպիսի տեղեկացում տեղի չունենա, և Կառավարությունը բացառապես ԶԼՄ-ներով արտահայտի իր դիրքորոշումը, թե որոնք պետք է լինեն կանոնները, որոնք մեկուսացում կամ ինքնամեկուսացում են ենթադրում, քրեական պատասխանատվության առաջացման համար հիմք չեն կարող հանդիսանալ»,-պարզաբանեց պատգամավորը՝ Կառավարությանը հորդորելով օր առաջ օրենքի մակարդակով նախաձեռնել նման կանոնների սահմանում, որ այս քրեական և վարչական հոդվածները կիրառական պրակտիկայում իմաստ ունենան:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով