Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում քննարկումների գխավոր թեմաներից մեկը վերաբերում է ապրիլի 5-ի հանրաքվեին, առավել ևս, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն ըստ էության ավելի վաղ էր սկսվել։

Վարչապետ Փաշինյանը բանաստեղծություն է գրում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին, որը երգ է դառնում (երևի հանրաքվեի հիմնը), իսկ ՔՊԿ-ն ամբողջ 6 միլիոնանոց մրցույթ է հայտարարում «այո»-ի բրենդինգի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում։ Իշխանությունները հույս ունեին, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձևավորեն «ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը։

Այդ դեպքում իշխանություններին կհաջողվեր հասարակությունը նորից բաժանել սևերի և սպիտակների, ատելություն գեներացնել, նորից օրակարգային հարց դարձնել անցյալը և գործող Սահմանադրական դատարանը նույնացնել նրանց հետ։

Որոշ առումով այդպես էլ կլինի, սակայն արդեն ոչ այն էնտուզիազմով: Մյուս կողմից՝ հնարավոր կլիներ միջազգային հանրության աչքին թոզ փչել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամբողջովին օրինական է, քանի որ ընդդիմությունը, ներգրավվելով այդ պրոցեսի մեջ, այն լեգիտիմացնում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը վստահ է, որ «ոչ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը դատարկ չի մնում», օրենքը դրա կարգավորումը տվել է: Սակայն, ինչպես և կանխատեսելի էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, «ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին հայտարարություն չարեցին։

Ավելին՝ նրանք հայտարարեցին, թե չեն մասնակցելու մի գործընթացի, որի՝ օրենքին համապատասխանությունը կասկածի տակ է դրվում։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ հանրաքվեն հակասահմանադրական են համարում և ուղերձ հղում հանրությանն ուղղակի մասնակից չդառնալ այդ պրոցեսին։

Իհարկե, «ոչ»-ի շտաբ կձևավորվի, նվազագույնը 50 քաղաքացու միջոցով, այդ մասին արդեն իսկ հայտարարություն արվել է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերի կողմից չի ձևավորվել այդ շտաբը, ըստ էության, իշխանությունների քարոզչական շտաբը սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական դաշտում մնալու է միայնակ։

Բացի նրանից, որ սա պատեհ առիթ է, որ իշխանությունը հասկանա, թե ինչքան վարկանիշ է կորցրել, ինչպիսի տրամադրություններ են տիրում հանրության շրջանում, միևնույն ժամանակ, հնարավորություն է ստեղծվում բարձրացնել սեփական վստահության մակարդակը։

Ինչպես գիտենք, Փաշինյանը ցույցերի և երթերի հմուտ մասնագետ է, և ժամանակ առ ժամանակ նման զանգվածային միջոցառումների կազմակերպման կարիք է զգում, որովհետև հասարակական տրամադրությունների վրա դրականորեն ազդելու այլ գործիքակազմ (արդյունավետ աշխատանք, իրական բարեփոխումներ, սոցիալական վիճակի բարելավում) չի կարողանում կիրառել:

Իսկ այսպես կարելի կլինի հասարակության որոշ հատվածի «թեժ» պահել, իսկ որոշակի հանրահավաքային քանակ ապահովելու պարագայում ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ հանրային ամենաբարձր վստահությունը վայելող գործիչը։

Սակայն ատելության քարոզը և նախկիններին բոլոր մեղքերի մեջ մեղադրելու գործելակերպը հազիվ թե այլևս արդյունավետ լինեն, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նոր տակտիկա օգտագործի»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով